Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում այսօր քննարկվեց 2016 թվականի բյուջեի նախագիծը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտին հատկացվող գումարները:
ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը ասաց, որ հաշվարկել է և գյուղացիական տնտեսությանը տրամադրվող հարաբերական ցածր տոկոսով վարկերը մոտ 6 դոլար է կազմում:
«Համեմատության համար ասեմ, որ վերջերս Չեխիայում էինք, և մեկ հեկտարի մասով տրվում է սուբսիդիա մոտ 200 եվրո և ոչ թե վարկով, այլ՝ պարզապես»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ այսօր գյուղատնտեսությունը ՀՆԱ-ի աճ ապահովող երկու ոլորտներից մեկն է: «Գերակա շահ ասելով ի՞նչ եք վերջիվերջո հասկանում: Մենք դեռ սովետմիության մեխանիզմներով ենք վարում: Մենք Չեխիայում չտեսանք տրակտոր, որը հողը վարելուց «պավառոտ» տար»,-ասաց նա:
Ի պատասխան պատգամավորի համեմատության՝ Պավել Սաֆարյանն ասաց, որ համեմատությունը տեղին կլիներ, եթե թոշակները, աշխատավարձերը և այլ ծրագրերը ևս համեմատենք եվրոպական երկրների հետ:
«Մենք ծախսերի բաշխման կառուցվածք ենք ներկայացրել, մենք ընդամենը 64 միլիարդի բաշխման տեղ ունենք: Գյուղատնտեսության ոլորտում մենք դրել ենք այնքան գումար, ավելացրել ենք այն ծրագրերին, որքան հնարավորություն եղել է, կարո՞ղ ենք փոփոխել, իհարկե կարող ենք, եկեք համատեղ աշխատենք»,-ասաց նա: