Հիշում եմ և պահանջում 

Մարսելի քաղաքապետարանի շենքի ճակատին բացվել են Ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված պաստառներ

Մարսելի քաղաքապետարանի շենքի ճակատին բացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երկու հսկա պաստառներ, որոնց վրա պատկերված են անմոռուկներ:

 


Պաստառների բացման արարողությանը ներկա են եղել Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը, Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոսին, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն, Եվրախորհրդարանի պատգամավոր Ռենո Մուսելիեն, Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդյե Փարաքյանը և այլք,գրում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Nouvelles d`Armenie-ին:

 


Իր ելույթում Ժան Կլոդ Գոդենը հիշեցրել է, որ եղել է այն գործիչների թվում, ովքեր պայքարել են Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու համար, ինչն էլ տեղի է ունեցել 2001 թվականին:


Նա նաև անդրադարձել է Վալերի Բուայեի ներկայացրած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին և կոչ արել շարունակել պայքարը Ֆրանսիայի սահմանադրությանը համապատասխանող նոր օրենքի ընդունման համար:

 


Գոդենը նաև կոչ է արել Թուրքիային՝ թարմացնել հիշողությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մարսելի քաղաքապետի այս կոչին հետևել են ներկաների բուռն ծափահարությունները: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Մարսելը կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող գույներով:

Նույն շարքից