Ավստրալիայի Ռայդ քաղաքի խորհրդի նիստում Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ միաձայն բանաձև է ընդունվել,գրում է NEWS.am-ը:
10 տարի առաջ Ռայդ քաղաքի Խորհուրդը դարձավ Ավստրալիայի առաջին տեղական խորհուրդը, որը 1915-1923թթ. կատարվածը որակեց Ցեղասպանություն։ Այս տարի բանաձևը ընդունվել է՝ նպատակ ունենալով հարգանքի տուրք մատուցել 1.5 մլն զոհերի հիշատակին։
Բանաձևի նախագիծը, ինչպես 10 տարի առաջ, այս անգամ նույնպես ներկայացրել է քաղաքային խորհրդի անդամ Սարգիս Եդելյանը։ Քննարկումների ժամանակ նիստերի դահլիճը լեփ-լեցուն է եղել։ Ռայդի հայկական համայնքի շատ հայեր ելույթ են ունեցել՝ ընդգծելով այդ փաստաթղթի կարևորությունը։
Դրանից զատ, ավստրալական մամուլը աննախադեպ կերպով անդրադարձել էր Հայոց ցեղասպանության թեմային։ The Australian-ը, The Sydney Morning Herald-ը, The Australian Financial Review-ը, SBS TV-ն և ABC TV-ն լայնորեն մեկնաբանել էին Հայոց ցեղասպանության թեման։
Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը հայտարարել է, որ ողջունում է Ռայդ քաղաքի խորհրդ ընդունած բանաձևը։
«Ռայդը հերթական անգամ ցուցադրեց Հայոց ցեղասպանության հարցում իր ամուր բարոյական և սկզբունքային դիրքորոշումը ։ Ես շնորհակալ եմ Եդելյանին և Խորհրդի բոլոր անդամներին հատկապես 100-րդ տարելիցին ցուցաբերած հաստատուն և անփոփոխ աջակցության համար»,- հայտարարել է նա։