Հիշում եմ և պահանջում 

Տորոնտոյում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիա է անցկացվել

Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ իրագործված ցեղասպանության 1,5 մլն զոհերին հարգանքի տուրք մատուցելու նպատակով ապրիլի 19-ին Կանադայի Տորոնտո քաղաքի կենտրոնում շուրջ 2 հազար մարդ է հավաքվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով CTV հեռուստաընկերությանը։



«Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ մենք ցանկանում ենք հանդես գալ միասնական ճակատով, որն ուղղված կլինի նման հանցագործությունների դեմ», – հայտարարել է ակցիայի կազմակերպիչ Կարեն Մեգերդիչյանը։ Ակցիային մասնակցել են նաև Կանադայի ամենախոշոր քաղաքի հրեական և ուկրաինական համայնքների ներկայացուցիչները։



Ակցիայի շրջանակում ելույթ է ունեցել Օնտարիոյի վարչապետ Քեյթլին Ուեյնը։ Նա հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը «մարդկության պատմության սարսափելի էջերից է, որը չպետք է այլևս կրկնվի»։ Բացի այդ, ակցիային մասնակցել են Կանադայի պաշտպանության նախարար Ջեյսոն Քենին և Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորին, ով ևս աջակցության խոսքեր է ասել Կանադայի հայկական համայնքի և Հայաստանի ժողովրդի հասցեին։



CTV–ն նշել է, որ հայկական համայնքի ակցիայի դեմ են հանդես եկել Տորոնտոյի թուրքական համայնքի ներկայացուցիչները։ Սակայն նրանց ակցիային մասնակցել է մոտ տասը մարդ։

Նույն շարքից