Հիշում եմ և պահանջում 

Ապրիլի 24-ին Հայաստան կժամանեն 60 պատվիրակություններ, այդ թվում՝ 4 պետությունների նախագահներ

Ապրիլի 24-ին Հայաստան կժամանեն 60 պաշտոնական պատվիրակություններ պետություններից ու միջազգային կազմակերպություններից։ Այս մասին այսօր Մ. Մաշտոցի Մատենադարանում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ  նախագահներ կժամանեն 4 պետություններից՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Կիպրոսից ու Սերբիայից։



«Ի դեպ, Կիպրոսի Նախագահը ժամանում է Խորհրդարանի նախագահի հետ։ Իսկ այլ պետությունների պատվիրակությունները գալիս են որպես տվյալ պետության և նախագահի ներկայացուցիչ։ Բազմաթիվ ղեկավարներ ՀՀ Նախագահին ուղղված իրենց նամակում նշել են, որ Հայոց ցեղասպանությունը համընդհանուր հիշողության և ամբողջ մարդկության դեմ կատարված հանցագործության տարելիցն է, և հետևաբար իրենք պետք է ներկայացված լինեն ամենաբարձր մակարդակով։ Մի մասը, օրինակ՝ Կանադայի վարչապետը նշել էր, որ այս օրը ինքը ավանդաբար լինում է հայ համայնքի հետ»,-ասաց նա։



Վիգեն Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ նախագահական նստավայրում սպասվում են բազմաթիվ երկկողմ հանդիպումներ, ինչպես ՀՀ Նախագահի հետ, այնպես էլ մյուս նախագահների միջև։



Ինչ վերաբերում է մյուս երկրներին, ապա Վիգեն Սարգսյանը նշեց, որ արդեն հայտնի է, որ Գերմանիայի Նախագահը ապրիլի 23-ին  կմասնակցի Բեռլինի մայր տաճարում կայանալիք հոգեհանգիստին, բացի այդ Հայաստանում կլինի Գերմանիան ներկայացնող նախարարական պատվիրակություն ։
 



«Սուրբ աթոռը ներկայացված է լինելու Կարդինալով, բայց գիտեք նաև, որ Հռոմի Պապը ապրիլի 12-ին Վատիկանում հարգանքի տուրք մատուցեց զոհերին։ Չեխիայի Նախագահը նամակում նշում է, որ կուզեր ներկա լինել, բայց հանդիպում ունի Վատիկանում, բայց իր բանագնացն է Հայաստանում ներկա լինելու»,-ասաց նա։

 

 

Հարցին, թե ինչո՞ւ էր ՌԴ Նախագահի մամուլի խոսնակը երկար ժամանակ նշում, որ Վլադիմիր Պուտինի այցելության հարցը քննարկվում է, և ռուսական կողմը չէր շտապում պաշտոնապես հայտարարել նախագահի այցի մասին, Վիգեն Սարգսյանն ասաց. «Դա ստանդարտ արարողակարգային պատասխան է։ Նախագահի աշխատակազմը հայտարարում է դրա մասին այն պահին, երբ նպատակահարմար է համարում»։



Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամ մյուս երկրներին, ապա Վիգեն Սարգսյանը նշեց, որ Բելառուսից ներկա կլինի պատվիրակություն, իսկ Ղազախստանում այդ օրը նախագահական ընտրություններ են, և որևէ պատվիրակություն Հայաստան չի ժամանի։



Հարցին, թե տեղեկություններ ունե՞ն, թե ինչ կազմակերպություններ կլինեն Հայաստանում ապրիլի 24-ին, Վիգեն Սարգսյանը դժվարացավ պատասխանել։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի պատվիրակությանը, ապա Վիգեն Սարգսյանը նշեց, որ ավելին ասել չի կարող, քան հայտնի է մամուլում։



«ԱՄՆ-ի պատվիրակությունը կազմվելու է անմիջապես նախագահի կողմից»,-ասաց նա։

Նույն շարքից