Հիշում եմ և պահանջում 

Տարբեր եկեղեցիների ավելի քան 80 ներկայացուցիչ կմասնակցի ապրիլի 23–ի Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողակարգին

Տարբեր եկեղեցիների ավելի քան 80 ներկայացուցիչ կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողակարգին, որը տեղի կունենա ապրիլի 23–ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, լրագրողներին երկուշաբթի ասաց Սրբադասման արարողակարգի կազմակերպման հանձնաժողովի նախագահ, Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։



«Ապրիլի 22–ին ժամը 21։30–ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սրբադասման արարողակարգի նախօրեին տեղի կունենա հսկման արարողություն Իսկ սրբադասման արարողակարգը տեղի կունենա ապրիլի 23–ին` բոլոր քույր–եկեղեցիների ներկայացուցիչների, մասնավորապես` հին արևելյան ուղղափառ եկեղեցիների առաջնորդների մասնակցությամբ, որոնք կժամանեն Հայաստան», – ասաց Հովհաննիսյանը։



Նա նշեց, որ սրբադասման արարողակարգին կմասնակցի նաև Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարն ու Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի ղեկավարը։



«Միջոցառումը բաց կլինի քաղաքացիների համար, և հատուկ դրա համար Երևանի քաղաքապետարանը կտրամադրի անվճար ավտոբուսներ, որոնք կսկսեն մարդկանց տեղափոխել Բրազիլիայի հրապարակից ժամը 19։00–ից և հետ կվերադառնան ժամը 22։00–ին», – ասաց Հովհաննիսյանը։

Նույն շարքից