ԳԴՀ–ում իշխող կուսակցությունների ներկայացուցիչները կողմ են «ցեղասպանություն» կոչել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի սպանությունները։ Առաջիկա օրերին այդ հարցը կքննարկի բունդեսթագը, հաղորդում է http://www.dw.de–ն։
Ըստ հրատարակության` ԳԴՀ–ի արտաքին գործերի նախարար Ֆրանկ–Վալթեր Շտայնմայերը պաշտպանել է նրանց, ովքեր կոչ են անում «ցեղասպանություն» անվանել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունը։ 1915 թ.–ին տեղի ունեցածը կարելի է «միավորել ցեղասպանություն հասկացության շուրջ», հայտարարել է նա Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է երկուշաբթի` ապրիլի 20–ին։
Գերմանացի սոցիալ–դեմոկրատների առաջնորդներից մեկի խոսքով` նա շատ լավ կարող է հասկանալ այն մարդկանց դրդապատճառներն ու զգացմունքները, ովքեր ցանկանում են «ցեղասպանություն» բառով ամրագրել Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ կատարված հանցագործությունները։
Գերմանիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ այս հարցի շուրջ ավելի կոշտ քաղաքական բանավեճերը կարող են «բարդացնել կամ անգամ անհնարին դարձնել» Թուրքիայի և Հայաստանի միջև լուրջ և ուղիղ երկխոսության սկիզբը։
Բունդեսթագում ХСС խմբակցության փոխնախագահ Ֆրանց Յոզեֆ Յունգն իր հերթին հայտարարել է, որ նրա կուսակցությունը, չնայած Անկարայի բողոքներին, մտադիր է «ցեղասպանություն» կոչել հայերի զանգվածային սպանությունը։ «Մենք կգտնենք ձևակերպում, որն ըստ արժանվույն կսահմանի ցեղասպանության փաստը, որը տեղի է ունեցել Թուրքիայում 100 տարի առաջ», – ասել է նա Saarbrücker Zeitung հրատարակությանը տված հարցազրույցում։
«Ցեղասպանություն» բառը պետք է նշվի այն բանաձևի տեքստում, որն առաջիկա օրերին կընդունի բունդեսթագը, նշել է Յունգը։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ այդ բառն իր խոսքում կարտաբերի նաև Գերմանիայի դաշնային նախագահ Յոահիմ Գաուկը։