Հոկտեմբերի 16-ին ՖԱՖ-ը ներկայացրեց 3 պահանջ (երկրպագուների 3 ցանկություն)՝ ուղղված ՀՖՖ-ին՝ Հայաստանի հավաքականին վատագույն վիճակից դեպի լույսի կողմ տանող 3 քայլ: Այս մասին գրում է ՖԱՖ-ի ֆեյսբուքյան էջը:
«Հավաքականի մրցաշրջանի վերջին խաղից հետո մենք ակնկալում էինք ՀՖՖ-ի նախագահի ամփոփիչ ասուլիս հավաքականի ելույթների վերաբերյալ, որտեղ կխոսվեր նաև մեր պահանջների մասին, սակայն մինչև օրս չկա որևէ արձագանք:
Մինչև նոյեմբերի 16-ը ՀՖՖ-ի կողմից պատասխան չլինելու դեպքում ՖԱՖ-ն Արամ Խաչատրյանի արձանի մոտից կիրականացնի երկրպագուների երթ դեպի Խանջյան փողոց՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա՝ պատասխան իմանալու և տեր կանգնելու ներկայացված պահանջներին:
Սիրելի´ երկրպագուներ, մի´ եղեք անտարբեր, մի´ բոյկոտեք ֆուտբոլը, մի´ եղեք հավաքականի կողքին միայն հաղթանակների ժամանակ: Սա յուրաքանչյուր հայ երկրպագուի հարցն է, ով գոնե մեկ անգամ ուրախացել է հավաքականով, ով ցանկանում է տեսնել ուժեղ հավաքական և ապրում է հավաքականով: Ազգային հավաքականը պատկանում է մեզ բոլորիս: Նոյեմբերի 16-ին կոչ ենք անում բոլոր երկրպագուներին մասնակցել մեր երթին դեպի ՀՖՖ: Պահանջելու ենք բարձրակարգ մարզիչ հավաքականի համար, տարբեր կոնֆլիկտների պատճառով ֆուտբոլիստներին չհրավիրելու հարցի վերանայում և ազգային հավաքականի խաղերի տոմսերի գների իջեցում:
Շարֆերով, եռագույններով, պաստառներով հավաքվում ենք նոյեմբերի 16-ին՝ 17:00-ին, Արամ Խաչատրյանի արձանի մոտ: Երթը կմեկնարկի 18:00-ին»,- գրված է ՖԱՖ-ի հայտարարության մեջ:
Լուսանկարը՝ ՖԱՖ-ի ֆեյսբուքյան էջի