Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց երկու վարկային ծրագրերի: Նախագծերը ներկայացրեց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Առաջին նախագծով հաստատվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 19-ին ստորագրված «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի վարկային համաձայնագիրը»՝ 85,5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով:
«Դպրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացում, սեյսմիկ աղետի պատրաստվածության ու արձագանքման կարողությունների հզորացում»,-ասաց նախարարը՝ խոսելով ծրագրի մասին:
Անդրադառնալով վարկի պայմաններին՝ նախարարը նկատեց, որ մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ է 5 տարին, տոկոսադրույքը կազմում է 2%:
Մյուս վարկային ծրագրով հաստատվեց Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը:
Համաձայն այս համաձայնագրի՝ Եվրասիական զարգացման բանկը ՀՀ-ին կտրամադրի 40 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ ոռոգման համակարգերիր զարգացում ծրագրի ֆինանսավորման համար. «Ծրագրի հիմնական նպատակն է ՀՀ տարածքում ոռոգման համակարգերի արդիականացումը և ջրօգտագործողների միավորումների ֆունկցիոնալ կարողությունների զարգացումը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը»,-ասաց Գագիկ Խաչատրյանը: