Հիշում եմ և պահանջում 

Հայաստանում և սփյուռքում կնշվի մայրենի լեզվի օրը

analitik.am

Փետրվարի 21-ին՝ Մայրենի լեզվի օրը, կմեկնարկեն Հայաստանում եւ Սփյուռքի տարբեր համայնքներում տարվա ընթացքում իրականացվելիք միջոցառումները:



Այդ օրը Հայաստանում կիրականացվեն հետեւյալ միջոցառումները.


ժամը 10:00-ին, արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պաշտոնատար անձանց, նախարարության աշխատակազմի, վաստակաշատ լեզվաբանների, մտավորականների ուղեկցությամբ կայցելի Օշական եւ ծաղիկներ կդնի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրմին, որից հետո ներկա կգտնվի Օշականի դպրեվանքում Մայրենիին նվիրված միջոցառմանը:


Ելույթ կունենան Օշական գյուղի դպրոցի աշակերտները, սիրիահայ դպրոցականներ եւ  սփյուռքահայ ուսանողներ:


Ժամը 11:30-ին Երեւանի՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի դիմաց ելույթով հանդես կգան մայրաքաղաքի տարբեր դպրոցների աշակերտներ, այնուհետեւ քայլերթով Մատենադարանից Մաշտոցի պողոտայով կշարժվեն դեպի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Բաղրամյան 24):


Ժամը 12:30-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կմեկնարկի «Արեւմտահայերենի խնդիրներ եւ հեռանկարներ» խորագրով  քննարկումը:


Միջոցառումները կամփոփվեն ժամը 18:00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կայանալիք համերգային ծրագրով, որտեղ ելույթներով հանդես կգան Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, «Մեսրոպ Մաշտոց» խոսքի մշակույթի կենտրոնը, «Շառավիղ» սիրիահայ մանուկների երգչախումբը, Այրարատ Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբը եւ այլ երաժշտական, պարային խմբեր եւ անհատ կատարողներ:

Նույն շարքից