Այսօր զոհված ազատամարտիկ Վոլոդյա Դարբինյանի ծննդյան օրն է
Վոլոդյա Սարգսի Դարբինյանը ծնվել է 1969 թվականի փետրվարի 14-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում:
1987 թվականին ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը ընդունվում է Գորկու անվան բարձրագույն զինվորական ուսումնարանը:
1989 թվականին ավարտելով ուսումնարանը ստանում է զինվորական մասնագիտություն և լեյտենանտի զինվորական կոչում:
1990 թվականին վերադարձավ ու ընդունվեց Ժողինստիտուտ(Գյուղից սիրած աղջիկ ուներ, ով սովորում էր ժողինստիուտում, ու դրա համար նա որոշեց ու նույն թվականին ընդունվեց):
1990 թվականից սկսած ակտիվ մասնակցել է Արցախյան շարժմանը, այնուհետև ազատագրական պատերազմին:
1990 թվականին զինվորագրվում է Վանաձորի նորաստեղծ դեսանտային գնդում և նշանակվում դեսանտային ջոկատի հրամանատար:
1992 թվականի ամռանը Վոլոդյայի հրամանատարությամբ ջոկատը տեղակայվում է Տավուշի մարզի Չինար գյուղի մոտակայքում:
1992 թվականի ամռանը մարտերում թրծված Վոլոդիայի ջոկատը տեղափոխվում է Կրասնոսելսկի շրջանի Վահան գյուղ, որը այդ ժամանակ հարձակումների էր ենթարկվում ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից:
1992 թվականի օգոստոսի առաջին օրերին Վոլոդյան հրաման է ստանում դեսանտային ջոկատի հետ մեկնել Արծվաշեն, և ապահովել շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության տարհանումը:
1990-92-ին Վանաձորի մոտոհրաձգային գնդի կազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական Վահան-Արծվաշեն գյուղերի ուղղությամբ մղվող մարտերին։ Աչքի է ընկել Արծվաշենի պաշտպանական մարտերում։
Վոլոդյա Դարբինյանը և 11 ազատամարտիկներ իրենց վրա վերցնելով հակառակորդի գրոհը՝ ապահովել են գյուղի 4500 բնակչի տարհանումն անվտանգ գոտի, իրենք` զոհվել։
1992 թվականի օգոստոսի 8-ի առավոտյան Վոլոդյան ռացիայով կապ է հաստատում գնդի հրամանատարության հետ, և զեկուցում. «Գյուղի տարհանումն ավարտված է, մենք դեռևս գտնվում ենք շրջափակման մեջ, կփորձենք ճեղքել օղակը: 4 կողմից գրոհում են…» ռադիոկապն ընդհատվում է: Ցավոք սա ջոկատի մասին վերջին տեղեկությունն էր: Կատաղի մարտը տարբեր զինատեսակներով զինված թշնամու դեմ տևեց մոտ 4 ժամ…Իսկ հետո նրանց դիերը հայակական կողմին հանձնելիս ադրբեջանցի գնդապետն ասաց. «Մինչև վերջին փամփուշտը արիաբար կռվեցին: Նրանք ձեր ազգի պարծանքն են»:
Վալոդյա Սարգսի Դարբինյանը Թաղված է Եռաբլուրի եղբայրական գերեզմանում: Հետմահու պարգևատրվել է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղում կանգնեցվել է Վոլոդյա Դարբինյանի կիսանդրին:
Լուսանկարը՝ ՀՊՏՀ «Մարտական հաշվարկ» գրքի
Նյութի սկզբնաղբյուրը՝ ՀՊՏՀ «Մարտական հաշվարկ» գիրք