ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը այսօր՝ «Հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումն օրենքով կարգելվի. ի՞նչ ազդեցություն կունենա օրենքի կիրառումը» թեմայով քննարկմանը տեղեկացրեց, որ 1993–ից ի վեր Հայաստանում 50 հազարով ավել տղա երեխա է ծնվել, քան աղջիկ։
«Սա դեռ ամուսնական շուկայում չենք տեսնում, ինչը կտեսնենք մի քանի տարի հետո, երբ 1993 թվականի ծնվածներն ավելի ակտիվ վերարտադրողական տարիքում կլինեն»,- նշեց բանախոսը:
2011 թ. ՄԱԿ-ի ուսումնասիրությունների համաձայն` Հայաստանում 113 տղա է ծնվում 100 աղջկա հաշվով: Եվ այս ցուցանիշով Հայաստանը երրորդն է Չինաստանից ու Ադրբեջանից հետո, Հայաստանի մի փոքր հետ են Վրաստանն ու Ալբանիան: Ըստ Գարիկ Հայրապետյանի՝ սա նշանակում է, որ այս բոլոր երկրները «մեկ նավակի» մեջ են:
Մասնագետը նաև նշեց, որ սա առկա ժողովրդագրական վիճակի պայամններում, այսինքն՝ երբ անկախությունից ի վեր Հայաստանում կա համարյա երկու անգամ նվազած ծնելիություն, մեծ միգրացիոն արտահոսքեր, ծերացող բնակչություն, որոնցով Հայաստանն արդեն մոտենում է ծերացող երկրների շեմին:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 2–ին կառավարությունը հավանության արժանացրեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով օրենսդրորեն արգելվելու է սեռով պայմանավորված ` հղիության արհեստական ընդհատումը, որը մինչ օրս արվում էր: