Բիզնես Տնտեսություն 

Որո՞նք են ժողովրդի վստահությանն արժանացած տեղական ապրանքանիշերը

analitik.am

Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում-2015» երրորդ ամենամյա մրցանակաբաշխության ամփոփիչ մամուլի ասուլիսը, որի ժամանակ է «Սպառողների Աջակցման Կենտրոն» ՀԿ նախագահ Աշոտ Միրզոյանը հայտարարեց 10 անվանակարգերում հաղթած ապրանքանիշերի անունները, իսկ նրանց սեփականատերերին հանձնվեցին հավաստագրեր։

Աշոտ Միրզոյանի խոսքով՝ մրցանակաբաշխության նպատակն է տեղական արտադրողներին խթանելն ու հայկական ապրանքանիշերն ավելի ճանաչելի դարձնելը։ Քվերակությունն անցկացվել է «armbrand.am» կայքում, որտեղ նաև ներկայացված են քվեարկության արդյունքներն ու հաղթողների անունները. «Մենք բաց ենք ցանկացած մարդու համար, յուրաքանչյուրը կարող է մտնել ու քվեարկել իր նախընտրած ապրանքանիշի օգտին, ոչ մի սահմանափակում չկա։ Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ ժողովուրդը վստահի տեղական արտադրողներին ու նախընտրի հենց տեղական արտադրանքը»,- նշեց նա։

Այսպիսով, քվեարկության արդյունքներով «հյութ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Նոյան» ապրանքանիշը՝ ստանալով ձայների 51,16%-ը, «պանիր» անվանակարգում՝ «Ամասիայի պանիր»-ը՝ 30,23%, «գինի» անվանակարգում՝ «Վեդի ալկո»-ն՝ 39,53%, «ձու» անվանակարգում՝ «Աշտարակ ձու»-ն՝ 37,20%, «հանքային ջուր» անվանակարգում՝ «Բջնի»-ն՝ 39,53%, «ապխտած երշիկ» անվանակարգում՝ «Բեկոն»-ը՝ 37,20%, «կոնյակ» անվանակարգում՝ «Արարատ»-ը՝ 80,48%, «չրեր» անվանակարգում՝ «Հայկական չրեր»-ը՝ 60,46%, «զովացուցիչ ըմպելիք» անվանակարգում՝ «Հայ կոլա»-ն՝ 25,58%, «լավաշ» անվնակարգում՝ «Գառնիի լավաշ»-ը՝ 48,83%։

Աշոտ Միրզոյանը նաև հույս հայտնեց, որ մրցանակաբաշխությունն ավելի մեծ արձագանք կգտնի հասարակության շրջանում ու հաջորդ տարիներին քվեարկության մասնակցության ավելի բարձր տոկոս կգրանցվի։

Նույն շարքից