Հիշում եմ և պահանջում 

Օրվա ծնունդը. Նելսոն Ստեփանյան

analitik.am
Նելսոն Ստեփանյանը ծնվել է 1913 թվականի ապրիլի 10-ին: Հայ օդաչուն Խորհրդային Միության կրկնակի հերոս Է, գվարդիայի փոխգնդապետ: Ծովի վրա օդային մարտերում ցուցաբերած խիզախության և օդաչուական բարձր վարպետության համար ստացել է Բալթիկայի մրրկահավ պատվանունը:
 

Ստեփանյանը 1914թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: 1930թ. գերազանցությամբ ավարտել է Բաքվի ռազմական ուսումնարանը, 1935թ.՝ Բատայսկի (ՌԽՖՍՀ) քաղաքացիական նավատորմի օդաչուական դպրոցը, որտեղ 1935–1938թթ. աշխատել է որպես հրահանգիչ-ուսուցիչ: 

1938–1941 թթ. սովորել է Միներալնիե Վոդի քաղաքի օդաչուական բարձրագույն դասընթացներում:
Հայրենական մեծ պատերազմի (1941–1945թթ.) սկզբին Ստեփանյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ. ծառայել է Սևծովյան ռազմական նավատորմում. «Իլ-2» գրոհային ինքնաթիռով կործանիչ հարվածներ է հասցրել գերմանական զորամիավորումներին Զապորոժիեի, Պոլտավայի, Օդեսայի, Կախովկայի շրջաններում:
 
20-րդ թռիչքի ժամանակ վիրավորվել է, ապաքինվելուց հետո՝ 1941թ.-ի սեպտեմբերից, օղակի հրամանատար Ստեփանյանը Բալթիական նավատորմի 7-րդ ավիաբրիգադի կազմում պաշտպանել է Լենինգրադը, համարձակ ու անձնուրաց գործողությունների համար արժանացել է հերոսի կոչման: 1942թ. նշանակվել է 57-րդ գրոհային ավիագնդի հրամանատար, բայց նրան ճակատից հետ են կանչել, հանձնարարել կադրերի պատրաստման աշխատանք Բալթիական նավատորմի ռազմածովային ուժերի թռիչքային և բարձրագույն սպայական դասընթացներում: Սակայն խնդրանքներին տեղի տալով՝ նրան կրկին տեղափոխել են ռազմաճակատ: 
 
1944թ.-ի ապրիլին գունդը գործուղվել է Ղրիմ, որտեղ Ստեփանյանն աչքի է ընկել հատկապես Սևաստոպոլի, Թեոդոսիայի, Սուդակի մարտերում: 1944թ. Բալթիական նավատորմի կազմում մասնակցել է թշնամու ուժերի ոչնչացմանը Ֆիննական ծոցում, Մերձբալթիկայից ֆաշիստների դուրսմղմանը: 1944թ.-ի օգոստոսի 20-ին (զոհվելուց մոտ 4 ամիս առաջ) երկրորդ անգամ է ներկայացվել հերոսի կոչման: Զոհվել է դեկտեմբերի 14-ին, Բալթիկ ծովում՝ Լիեպայա քաղաքի մերձակայքում. այրվող օդանավն ուղղելով դեպի թշնամու նավախումբը՝ ապահովել է զինակիցների հաղթանակը: Նրան հետմահու երկրորդ անգամ շնորհվել է ԽՍՀՄ հերոսի կոչում (6.03.1945): 
 
Ստեփանյանը կատարել է 289 մարտական թռիչք. խորտակել է 18 ռազմանավ, ոչնչացրել 85 տանկ, 600 ավտոմեքենա, 140 զենիթային ու դաշտային հրանոթներ, 150 գնդացրային կետեր, 40 երկաթուղային վագոններ, 4 լաստանավ, 27 ինքնաթիռ:
 
Նելսոն Ստեփանյանի կյանքի և սխրագործությունների մասին գրել են հայ, ռուս, լատիշ գրողներ ու բանաստեղծներ: Ստեփանյանի կիսանդրիները տեղադրվել են Շուշիում, Երևանում, Ստեփանակերտում, հուշարձանը՝ Լիեպայայում (ԽՍՀՄ փլուզումից հետո տեղափոխվել է Կալինինգրադ): Նրա անունով ԽՍՀՄ տարբեր քաղաքներում կոչվել են փողոցներ, դպրոցներ, մանկապատանեկան կազմակերպություններ և մեծ ձկնորսանավ, թողարկվել են նամականիշեր:

Նույն շարքից