Հիշում եմ և պահանջում 

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո Լիբանանում

analitik.am

Լիբանանում ՀՀ դեսպանությունում ապրիլի 10-ին տեղի է ունեցել հուշ երեկո՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա են եղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ներկայացուցիչ, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը, Հայ Կաթողիկե Պատրիարք կաթողիկոսի ներկայացուցիչ, Զմմառի վանքի մեծավոր, գերապայծառ Գաբրիել Մուրադյանը, Լիբանանի էներգետիկայի և ջրի նախարար Արթուր Նազարյանը, Լիբանանի խորհրդարանի պատգամավորներ, ԱԳՆ ներկայացուցիչներ, Լիբանանում հավատարմագրված դեսպաններ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, Լիբանանի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի Կենտրոնական մարմնի անդամները, հյուրեր Քուվեյթից և Հայաստանից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն իր խոսքում նշել է. «99 տարի հետո էլ հայ ժողովրդի հանդեպ իրականացված հանցագործության հետևանքները չեն վերացվել: Մարդկության դեմ կատարված հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ: Ժխտումը ցեղասպանության շարունակություն է և պետք է խստիվ դատապարտվի մարդկության կողմից: 99 տարի է, ինչ աշխարհասփյուռ հայությունը և ողջ միջազգային հանրությունը սպասում է, որպեսզի Թուրքիան պատմական փաստերը խեղաթյուրելու և ժխտողական քաղաքականություն վարելու փոխարեն վերջապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»: Դեսպան Քոչարյանը շնորհակալություն է հայտնել աշխարհի բոլոր երկրներին և կազմակերպություններին, մասնավորապես՝ Լիբանանի խորհրդարանին, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանոթյունը:

Անդրադառնալով Քեսաբի դեպքերին՝ ՀՀ դեսպանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է վճռական ջանքեր գործադրի տեղահանված մարդկանց՝ ներառյալ հայերի, ապահովությունը և անվտանգությունը երաշխավորելու համար, պայմաններ ստեղծի իրենց բնակության վայրերը նրանց շտապ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար:

Հուշ երեկոյին ելույթ են ունեցել նաև Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի ներկայացուցիչ Հասան Մխայբերը և Լիբանանում Վատիկանի ներկայացուցիչ, Ն.Գ. նվիրակ Գաբրիելա Կաչիան, որոնք, կիսելով հայ ժողովրդի ցավը և անդրադառնալով 20-րդ դարի ոճրագործություններին, հույս են հայտնել, որ միջազգային հանրությունը ջանք չի խնայի՝ կանխելու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել են փաստավավերագրական ֆիլմեր, տեղի ունեցան գեղարվեստական կատարումներ: 

Նույն շարքից