Սեուլում՝ Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի ընդունելությունների սրահում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված լուսանկարների ցուցադրություն: Միջոցառումը նախաձեռնել էր Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը՝ Կորեայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ցուցահանդեսին ներկայացվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող մի քանի տասնյակ լուսանկարներ և պաստառներ, որոնք դիտելու էին եկել Կորեայի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ պատգամավորներ, գործարարներ, լրագրողներ:
Միջոցառմանը ելույթ են ունեցել Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Նո Յուն-մինը, Ճապոնիայում և Կորեայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը և պատգամավոր Շին Կինամը, ովքեր խոսել են 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության պատմության և փաստերի մասին և արձանագրել, որ այսպիսի ոճրագործությունների ճանաչմամբ և գիտակցմամբ է հնարավոր միայն կանխել մարդկության դեմ հետագա հանցանքները: