Վերջերս տեղեկացա, որ շուտով մեկնարկելու է «Մարտական պատրաստության ակումբ» նախագծի երկրորդ խմբի ընդունելությունը:
Այս հոդվածի շրջանակներում կփորձենք բացահայտել ծրագրի կարևորությունը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ մենք պատերազմական պայմաններում գտնվող երկիր ենք, և շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր հայ՝ անկախ սեռից և տարիքից, հասկանա իր երկրի իրական սպառնալիքների բնույթը: Պետք է ճանաչի բանակը, ծանոթ լինի երկրի ուժային պաշարներին, ճանաչի մեր պատմությունը: Ապրելով Հայաստանում՝ այսպիսի հարևանների կողքին, հաճախ ստիպված ենք լինում վերցնել զենք, ինչը մեզ օգնում է գոյատևել, հաղթել ու ապրել։ Այսօր ցանկացած երիտասարդ պետք է պատրաստ լինի ցանկացած պահի դիմակայել հնարավոր մարտահրավերներին։
Յուրաքանչյուր հայի պարտքն է ճանաչել իր երկիրը, սիրել այն և ցանկացած պահի պատրաստ լինել արյան գնով պաշտպանելու հայրենի հողը, հանուն իր երկրի ազատության և իր ժողովրդի բարեկեցության: Մենք պետք է պատրաստ լինենք ներդնել մեր ամբողջ ուժը և եռանդը մեր հայրենիքին ծառայելու և մեր մեջ հայրենիքի պաշտպան դաստիարակելու համար: Գիտակցելով մեր երկրի անվտանգության կարևորությունը, փորձենք ներդնել մեր գիտելիքները և հմտությունները սովորելու, սովորեցնելու և մեր երկրի ապագան կառուցելու նպատակով, քանզի մեզնից յուրաքանչյուրը սյունն է իր հայրենիքի: Պետք է սովորենք ամուր կանգնել հողին և պետք է հավատանք մեր միասնական ուժին, քանզի միասին կարող ենք հասնել ավելիին:
Յուրաքանչյուրիս պարտքն է ստանալ բավարար գիտելիքներ, որոնք մեզ թույլ կտան կատարել գիտակցված և կշռադատված քայլեր, որոնք մեզ հնարավորություն կտան ճանաչել մեր երկիրը, մեր պատմությունը և ինքներս մեզ: Պետք է ձգտենք մեր երկրի համար կարևոր և պիտանի մարդ դառնալ: Ճանաչել մեր երկրի ուսերին ծանրացած հրատապ խնդիրները, որպեսզի ունակ լինենք ցանկացած պահի պաշտան կանգնել մեր հայրենիքին, պատրաստ միշտ հակահարված տալու մեր երկրին անդադար հարվածներ հասցնող կեղեքիչներին:
Ուստի, եկե՛ք վերջ դնենք թերահավատությանը, անսպառ քննադատություններին և այլոց հասցեին հնչող մեղադրանքներին, լինենք միասնական, գիտակ, ուժեղ և հպարտ, որ ծնվել ենք Հայաստան կոչվող այս հին ու նոր բուրաստանում, որ սերունդն ենք մի հզոր ազգի, որ հազարամյա պատմության ժառանգներն ենք:
Մեր անջնջելի հետքը թողնենք մի նոր և լուսավոր պատմություն կերտելով:
Ագապի Ասլանյան