Հիշում եմ և պահանջում 

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ժամանել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին

analitik.am

Մայիսի 26-ի երեկոյան Հայաստան ժամանեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում` Տրդատա կամարի առջև, Արամ Ա կաթողիկոսին դիմավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը: Մայր աթոռի միաբանների ուղեկցությամբ Ամենայն հայոց հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը «Հրաշափառի» ներքո մուտք գործեցին Մայր տաճար:

Գոհաբանական աղոթքից հետո Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ողջունեց Արամ Ա կաթողիկոսի այցը Մայր աթոռ Սբ Էջմիածին: Ամենայն հայոց հայրապետը վստահություն հայտնեց, որ հակառակ ծանրաբեռնված ժամանակացույցի, առիթ պիտի ունենան իրենց հայրապետական պատգամներն ու օրհնությունը փոխանցելու հայորդիներին` կոչելով միաբանության և հայրենանվեր ծառայության` մաղթանքով, որ հայ ժողովրդի ընթացքը դարերի մեջ միշտ լինի հաղթական` միտված խաղաղ ու անդորր կյանքի ապահովմանը:

Ամենայն հայոց կաթողիկոսը նաև Ամենակալ Տիրոջից զորակցություն հայցեց Հայ եկեղեցու բարեջան բոլոր սպասավորների արդյունաշատ և անխափան ծառայության համար` փառք ու գոհություն հայտնելով Աստծուն, որ առիթներ է պարգևում հանդիպելու և առ Աստված համատեղ աղոթք բարձրացնելու հայոց ազգի ապահով ու բարօր կյանքի, հայրենիքի շինության ու առաջընթացի համար:

Իր հերթին Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն ուրախություն հայտնեց Մայր աթոռում գտնվելու համար` իբրև առիթ ծառայական ուխտի վերանորոգման և հավատքի ամրապնդման: Արամ Ա կաթողիկոսն անդրադարձավ նաև հայ եկեղեցականների ծառայությանը հանդեպ հայրենիքն ու ժողովուրդը` մասնավորապես ընդգծելով. «…Մայր հայրենիքը սրբազան հավատքի տունն է, և պատմության ընթացքին մեր ժողովուրդն իր արյունն է թափել հայրենիքի համար… Հայրենիքի պաշտպանությունը, ազատությունն ու անկախությունը մեզ համար գերագույն արժեք է: Այսօր մենք կոչված ենք Հայաստանի անկախությունն ավելի զորացնելու, ինչն ավելի մեծ զոհողություն է պահանջում: Մենք բոլորս` որպես Հայ եկեղեցու սպասավորներ, որպես Հայ եկեղեցի, հայ հոգևորականներ, Հայաստանում, թե՛ սփյուռքում կոչված ենք հայրենաշինության նվիրական գործին»:

Նույն շարքից