Հիշում եմ և պահանջում 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշն է անմոռուկը, իսկ կարգախոսը՝ «Հիշում եմ և պահանջում»

analitik.am

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշն է լինելու անմոռուկ ծաղիկը, իսկ կարգախոսը՝ «Հիշում եմ և պահանջում»: Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Նա նշեց, որ պետական հանձնաժողովի կողմից անց է կացվել երկու փուլից կազմված մրցույթ և բազմաթիվ աշխատանքներից ընտրվել է «Շարմ» ընկերության կողմից ներկայացված խորհրդանիշը:

«Անմոռուկը գրեթե բոլոր լեզուներում ունի նույն իմաստը՝ հիշելու, չմոռանալու, ինչպես նաև հիշեցնելու իմաստն է, և հենց դրա համար էլ ընտրվել է հենց այս ծաղիկը: Խորհրդանիշի վրա գրաֆիկական պատկերի միջոցով պատկերված է Ծիծեռնակաբերդի 12 սյուների պատկերը վերևից: Այն ակտիվ օգտագործվելու է 100-րդ տարելիցի շրջանակում, ինչպես նաև ժապավեններ՝ նույն ծաղկի գույներով»,-ասաց նա:

Վիգեն Սարգսյաննը բացատրեց, որ սև գույնը Ցեղասպանության խորհրդանիշն է, մանուշակագույնը՝ ներկան ու ապագան են արտահայտում, իսկ 5 թերթիկներն այն մայրցամաքներն են, որոնցում հայ գաղթականները հայտնվեցին Ցեղասպանությունից հետո և ստեղծեցին հայկական համայնքներ:

Ինչ վերաբերում է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսին, ապա Վիգեն Սարգսյանը նշեց, որ հատուկ ընդգծված և անհատականացված կարգախոս է և ուղղված է նրան, որ յուրաքանչյուրս այն արտասանելով՝ հիշի իր ընտանիքի պատմությունը, իր ժողովրդի վերապրած ողբերգությունը:

«Այն պահանջը, որ տեսնում ենք այս ենթատեքստում, պետք է ներկայացնենք համայն աշխարհին»,-ասաց նա:

Նույն շարքից