Հիշում եմ և պահանջում 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին տպավորիչ միջոցառումներ են անցկացվելու. Վիգեն Սարգսյան

analitik.am

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սկսված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին տպավորիչ միջոցառումներ են անցկացվելու։

Անդրադառնալով անցկացվող նիստին, նշեց, որ դրա նպատակն է հստակեցնել թե՛ հայեցակարգային խնդիրներ, թե՛ գործնական քայլերը, որոնք պետք է կատարվեն մինչև 2015-ի մեկնարկը:

«Նիստի օրակարգը կազմված է երեք հիմնական հարցից: Առաջինը՝ վերաբերում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի քաղաքական հարցին: Այսօր ելույթ ունեցան հայկական եկեղեցիների ղեկավարները, ավանդական կուսակցությունների ղեկավարները, արտաքին գործերի նախարարը»,-ասաց նա:

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերել է տարածաշրջանային հանձնախմբերի աշխատանքին, որի շրջանակում քննարկվել են այն հիմնական միջոցառումները, որ ծրագրված են անցկացնել 2015-ին:

«Օրակարգի 3-րդ հարցը վերաբերում է մինչ օրս արված աշխատանքին և որը պետք է կատարվի 2015-ին: Հիմնականում մեր ջանքերը կենտրոնացնելու ենք գիտական, կրթական, մշակութային համահայկական ծրագրերի ուղղությամբ, ցուցահանդեսային գործունեությունն է իրականացվելու»,- ասաց նա:

Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության թեման 1915-ին ներկայացվելու է ավելի լայն համատեքստում՝ ցեղասպանությունը որպես հանցագործություն:

«Անկախության առաջին օրից ՀՀ-ն եղել է այդ գործի առաջամարտիկը և մեծ ջանքեր է ներդրել միջազգային ատյաններում, հատկապես՝ ՄԱԿ-ում ցեղասպանություն հանցագործության դատապարտմանն ուղղված գործիքների ու մեխանիզմների արդիականացման նաև՝ համապատասխան հայտարարությունների ընդունման առումով»,- ասաց նա:

Վիգեն Սարգսյանը անդրադառնալով 2015թ-ի միջոցառումներին, նշեց. «Մենք տեսնելու ենք ամենախոշոր ու հայտնի հարթակներում, լավագույն ցուցասրահներում բազմաթիվ ցուցադրություններ: Սրանք լինելու են ոչ միայն հիշատակին նվիրված ցուցադրություններ, այլ նաև վերածննդին: Հայաստանն ակտիվ մասնակցություն կունենա միջազգային հայտնի փառատոներին ու իրադարձություններին»:

Նույն շարքից