Կառավարության այսօրվա նիստին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ Ազգային ժողովում 2016թ-ի պետական բյուջեի քննարկումների արդյունքներով կառավարությունը ԱԺ-ի մշտական հանձնաժողովներից ու պատգամավորներից ստացել է թվով 322 առաջարկություն, որոնցից ընդունվել են 60-ը, ևս 6-ի կապակցությամբ տրվել են պարզաբանումներ, իսկ 201 առաջարկություն ընդունելի չի համարվել:
«Բարձրացված հարցադրումների հիմնական մասը վերաբերում է 2016թ-ի պետական բյուջեի նախագծում տարբեր նպատակների ֆինանսավորման համար հատկացումների նախատեսմանը կամ դրանց գումարների ավելացմանը, ինչպես նաև որոշ ծախսատեսակների վերաբաշխմանը: Կային նաև ընդհանուր բնույթի հարցադրումներ: Հաշվի առնելով միայն հստակ գումարներ պարունակող առաջարկությունները՝ բյուջեի նախագծի լրացուցիչ եկամուտների ծախսերի ծավալները, առաջարկվել է ավելացնել համապատասխանաբար շուրջ 15 մլրդ և 14.3 մլրդ դրամով
Կրթության գծով շուրջ 4 մլրդ դրամով ավելացել են, սոցիալական ապահովության գծով՝ 0.9 մլրդ դրամով, մշակույթ, սպորտ տեղեկատվություն՝ 0.6 մլրդ դրամով, առողջապահության գծով՝ 1.5 մլրդ դրամով, գիտության գծով՝ 2.4 մլրդ դրամով: Տնտեսության ճյուղերում առաջարկվում է ավելացնել շուրջ 2.7 մլրդ դրամի չափով, այդ թվում ջրային տնտեսությունում՝ 0.4 մլրդ դրամով, տրանսպորտ-ճանապարհային տնտեսություն՝ 2.3 մլրդ դրամով, այլ ոլորտներում՝ 2.2 մլրդ դրամով»,-ասաց նա:
Գագիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ 2016թ-ի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակում կիրառվելու են պետական բյուջեի նախագիծն ԱԺ ներկայացնելու ամսվա առաջին աշխատանքային օրվա՝ նոյեմբերի 2-ի դրությամբ հանրապետության արտարժույթային շուկայում ձևավորված հիմնական արտարժույթների նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքները: