Հիշում եմ և պահանջում 

Լիդիցեի 42-րդ միջազգային մանկական ցուցահանդեսում հայ պատանիներն արժանացել են մեդալների

analitik.am

Չեխիայի Լիդիցե քաղաքում Չեխիայում ՀՀ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովայի և «Օրեր» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի, ինչպես նաև Չեխիայի պետական ատյանների պաշտոնյաների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ բացվել է 42-րդ միջազգային մանկական ցուցահանդեսը, որի թեման է «Իմ պարտեզը, դաշտը կամ ընտանեկան հողագործություն»: Այս տարի ցուցահանդեսին մասնակցել են 77 երկրներ, որոնց կողմից ուղարկվել է 27868 աշխատանք: Մրցանակների է արժանացել 68 երկրից 1516 աշխատանք:    Հայաստանից մասնակցող երեխաներին այս տարի աննախադեպ թվով պատվոգրեր են հասել: «Լիդիցեի վարդ» մեդալին է արժանացել 7-ամյա Հասմիկ Գևորգյանը Դիլիջանի Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստական դպրոցից: Նույն մեդալին է արժանացել նաև ողջ դպրոցն իր մի շարք սաների` Անահիտ Աբգարյանի (10 տարեկան), Ռաֆայել Գրիգորյանի (11 տարեկան), Դավիթ Խառատյանի (11 տարեկան), Սամվել Սահակյանի (9 տարեկան), Սոֆյա Սիմոնյանի (9 տարեկան), Հայկ Տերտերյանի (11 տարեկան), Հարություն Վարդանյանի (9 տարեկան), Անգելինա Զանդյանի (11 տարեկան) աշխատանքների համար:


Պատվոգրերի են արժանացել նաև Քասախի արվեստի դպրոցի սան Սամվել Մանասյանը (12 տարեկան) և Երևանի Գասպարյանի անվան արվեստի ստուդիայի աշակերտներ Լիլիթ Գյոդակյանը (7 տարեկան), Էդգար Սամվելյանը (10 տարեկան) և Ալբերտ Սիմոնյանը (9 տարեկան):

 

Ցուցահանդեսը հիմնադրվել է 1967թ.-ին` ի հիշատակ նացիստական Գերմանիայի կողմից Լիդիցե քաղաքում սպանված, ինչպես նաև պատերազմներում զոհված բոլոր երեխաների: 1973թ.-ից ի վեր, այդ ցուցահանդեսը ձեռք է բերել մեծ համբավ և դարձել Եվրոպայի, ինչպես նաև աշխարհի ամենախոշոր և հին մանկական ցուցահանդեսներից մեկը:

 

Մայիսի 28-ին բացված Լիդիցեի ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 31-ը:

 

Նույն շարքից