Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Թբիլիսիում Էներգետիկական խարտիայի ֆորումում հանդես է եկել իր երկրի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի մասնակցությամբ միասնական տարածաշրջանային էներգացանց կառուցելու օգտին:
«Վրաստանը հանդես է գալիս որպես տարածաշրջանում էներգետիկ համագործակցությանը նպաստելու դրոշակակիր, ասել է Կալաձեն: Մեր գլխավոր նպատակն այն է, որ էներգետիկ փոխանակման հաշվին ամրապնդենք տարածաշրջանային համագործակցությունը` դրանով նպաստելով քաղաքական երկխոսությանը, լայնածավալ ներդրումներ ներգրավելով եւ զարգացնելով տրանսպորտային միջանցքները»:
Նա նշել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հարավային Կովկասի նոր պետությունները «անցել են տնտեսական եւ սոցիալական սեկտորների փլուզման, քաղաքական հակամարտությունների, քաղաքացիական հակամարտության, շրջափակումների միջով», իսկ դա իր բացասական ազդեցությունն է ունեցել այդ թվում նաեւ էներգետիկայի վրա:
Այդ կապակցությամբ Կախա Կալաձեն, մասնավորապես, նշել է, որ ներկայումս միջազգային հանրության ուշադրությունը սեւեռված է Կասպից ծովի էներգակիրների եւ ամբողջ տարածաշրջանի վրա` այդ էներգակիրները Եվրոպա հասցնելու իմաստով:
Նրա խոսքով, կարեւորագույն նախագծերից է Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ էներգետիկ փոխանակման ստեղծումը 700 մգվտ ծավալով: «Տրամաբանական առաջարկ կլինի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի հետ միասնական էներգետիկ ցանցի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա միասնական տարածաշրջանային էներգետիկ շուկա ստեղծել», - կարծում է նա:
«Այսօրվա դրությամբ Վրաստանն ավարտել է ԷՀԳ-500-ի կառուցումը, որը նրան կապում է Ադրբեջանի հետ, վերականգնվել է ԷՀԳ-500 Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ եւ շուտով նախատեսված է Հայաստանի հետ ԷՀԳ- 500-ի շահագործում», - տեղեկացրել է նա: «Առկա եւ ապագա նախագծերը հաշվի առնելով` հնարավոր է դառնում իրար կապել Հարավային Կովկասի էներգահամակարգերը, իսկ Վրաստանը էներգետիկ կամուրջ կլինի, որը կապահովի էլեկտրաէներգիայի փոխանակման եւ առեւտրի աճը», - ասել է նա: