Հիշում եմ և պահանջում 

Սբ. Իսահակ և Հովսեփ իշխանների և Սարգիս և Բագոս վկաների հիշատակության օր

analitik.am

Ս. Իսահակը և Ս. Հովսեփը հագարացի իշխան Կայսի զավակներն էին: Կայսը Կարինում ամուսնացել էր քրիստոնյա հայ կնոջ հետ՝ արտոնելով նրան պահպանել քրիստոնեական հավատն ու նույն հավատով դաստիարակել զավակներին: Սակայն, տարիներ անց հայտնի է դառնում իշխանազուն երկու եղբայրների քրիստոնյա լինելը, և իբրև իսլամ հոր զավակներ նրանց ստիպում են նույն կրոնն ընդունել:


Սակայն չնայած նույնիսկ հոր կեղծ ուրացության հորդորներին, եղբայրներն անդրդվելի են մնում իրենց հավատի մեջ և գլխատվում 808 թվականին: Հռոմեացի ազնվականներ Ս. Սարգիսը և Ս. Բագոսը Բյուզանդական արքունիքի բարձրաստիճան պաշտոնյաներ էին, որոնք կռապաշտական մի արարողության մասնակցելուց հրաժարվելու պատճառով ենթարկվել են բազմաթիվ տանջանքների, սակայն հավատարիմ են մնացել քրիստոնեությանը: Տանջանքներից Ս. Բագոսը մահացել է, իսկ Ս. Սարգիսը նետվել է բանտ և գլխատվել Հյուսիսային Սիրիայում 300 թվականին:


Հայ Առաքելական եկեղեցին սրբերի օրը նշում է Հոգեգալստից հետո երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը՝ նահատակների վարքով քրիստոնյա հավատացյալներին հորդորելով հավատարիմ մնալ քրիստոնեական կրոնին՝ ոչ միայն այս, այլև հանդերձյալ աշխարհում աստվածային պարգևի արժանանալու համար:

Նույն շարքից