WBO վարկածով սուպեր միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Երևանում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, թե ով է լինելու իր հաջորդ մրցակիցը:
«Մարտին կմենամարտեմ մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի հետ: Նա շատ ուժեղ բռնցքամարտիկ է, կարիերայում ոչ մի պարտություն չի կրել և գլխավորում է իմ քաշային կարգի վարկանիշային աղյուսակը:
Դեռևս չեմ տրամադրվել մենամարտին: Այժմ ես հանգստանում եմ և կենտրոնացած եմ ազատ ժամանակս լրացնելու վրա: Երբ վերսկսեմ մարզումներս, կդիտեմ մրցակցի մենամարտերը և կվերլուծեմ դրանք»:
Բռնցքամարտիկի խոսքով՝ առհասարակ շատ բարդ է տարվա մեջ 8-9 ամիս լինել հավաքների գործընթացում, ապրել ու սնվել հյուրանոցներում:
«Իսկապես շատ եմ կարոտում տանը հանգստանալը, հեռուստացույց դիտելը, ուստի ներկայում պետք է լրացնեմ դա:
Մինչև պայմանագրիս ավարտը (ևս 2 տարի) կմենամարտեմ, ապա կթողնեմ մեծ բռնցքամարտը: Այդժամ կնվիրվեմ հանգստին, իսկական կյանքին (ժպտում է)»,- ասաց Արթուր Աբրահամը: