Հիշում եմ և պահանջում 

Սբ.Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

analitik.am

Կոստանդիանոս կայսրը (ծնվել է Հարավսլավիայի Նիշ քաղաքում), Հռոմեական կայսրության հանրահայտ դեմքերից է: Նա Եկեղեցին պաշտոնապես ազատել է ավելի քան 250 տարի տևած հալածանքներից և 313 թվականին Միլանի հրովարտակով քրիստոնեությունը թույլատրելի կրոն հռչակել: Նրա օրոք տեղի է ունեցել Նիկիայի 325 թվականի առաջին Տիեզերական ժողովը, որը դատապարտել է Արիոսին և նրա աղանդը՝ շեշտելով, որ Որդին Ծնունդ է, այլ ոչ թե արարած, որ Որդին Հոր հետ նույն բնությունն ունի և Աստված է:


Կոստանդիանոսն իր օժանդակությունն է բերել Երուսաղեմի և Բեթղեհեմի տերունական սրբավայրերում փառահեղ տաճարների շինությանը: Կոստանդիանոսը եղել է նաև մեծ զորավար, որ մշտապես հաղթանակել է պատերազմներում: Ինչպես վկայում է ավանդությունը, Հռոմի ինքնահռչակ կայսր Մաքսենտիոսի դեմ պատերազմելիս՝ վճռական ճակատամարտից առաջ, Կոստանդիանոսին երևում է խաչի նշանը:


Այս նշանով էլ Կոստանդիանոսը դուրս է գալիս մարտի և հաղթանակում: Վախճանվել է 337 թվականին, մահվան մահճում ընդունելով քրիտոնեական մկրտությունը: Կոստանդիանոսի մայր Հեղինե թագուհին եղավ կայսեր գործակիցը նրա բարեպաշտական գործունեության մեջ: Նրան է վերագրվում Քրիստոսի խաչափայտի գյուտը 327 թվականին: Երուսաղեմում Հուդա անունով մեկը թագուհուն մատնացույց է անում այն վայրը, ուր կարող էին լինել Քրիստոսի և Նրա հետ խաչված երկու ավազակների խաչափայտերը: Ավանդույթի համաձայն, բարեպաշտ թագուհին Տիրոջ խաչափայտը գտնելու համար խաչերին հերթով մոտեցնում է մահացած մի երիտասարդի դիակ: Քրիստոսի խաչափայտի զորությունից երիտասարդը կենդանանում է: Խաչի գյուտից հետո Երուսաղեմի Կյուրեղ Հայրապետն այն բարձրացնում է ի տես հավատացյալների: Հեղինեն Երուսաղեմում և շրջակայքում եկեղեցիներ և կուսանոցներ է կառուցել տալիս, որոնց սեղանին իբրև աղախին ինքն էր սպասավորում: Հեղինե թագուհին մահացել է 330 թվականին՝ քրիստոնյաների սրտերում թողնելով բարի հիշատակ:

Նույն շարքից