Հիշում եմ և պահանջում 

Ցեղասպանության ճանաչումը շատ դանդաղ է տեղից շարժվում․ Գարիկ Մարտիրոսյան

Հայտնի ռուսաստանաբնակ հայ շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կոչ է արել համաշխարհային հանրությանը` չմոռանալ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները։



«Ես կոչ կանեի բոլոր առաջադեմ երկրներին, բոլորին, ով Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները համարում է մարդկության դեմ կատարված հանցագործություն, իրավաբանական գնահատական տալ Հայոց ցեղասպանությանը և ճնշում գործադրել Թուրքիայի կառավարության վրա, որպեսզի նա Ցեղասպանություն որակի իր կողմից կատարված հանցագործությունը», – ասել է նա Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթին տված հարցազրույցում։



Մարտիրոսյանն ընդգծել է, որ այդ չարագործության հետևանքով ոչնչացվել են միլիոնավոր հայեր, իսկ հարյուր հազարավոր հայեր, ասորիներ, պոնտացիներ, հույներ և այլ ժողովուրդներ ստիպված են եղել հեռանալ իրենց հողից, իրենց տներից։



«Մենք բոլորս ցրված ենք ուրիշ երկրներում հենց այդ գործողությունների հետևանքով։ Ես կդիմեի բոլոր երկրների կառավարություններին` խնդրելով մանրամասն ուսումնասիրել իրենց երկրներում հայերի հայտնվելու թեման։ Եվ երբ նրանք կուսումնասիրեն այդ հարցը, ապա չեն կարող չճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, այսինքն` այն, որ հայերն իրենց երկիր են փախել` Օսմանյան Թուրքիայում անխուսափելի մահվան պատճառով, իսկ նրանք, ովքեր չեն հասցրել փախչել, ոչնչացվել են օսմանցի թուրքերի կողմից։ Մեր պարտքն է պահել զոհերի հիշատակը մեր ողջ կյանքի ընթացքում, քանի դեռ չենք հասել Հայոց ցեղասպանության ճանաչմանը», – ասել է նա։



Մարտիրոսյանը նաև նշել է, որ հայերը միայնակ չեն կարող որևէ բան անել` առանցայլ երկրների բարեկամական կամ քաղաքական, իրավաբանական օգնության, հատկապես այն երկրների, որոնք ուժեղ ազդեցություն ունեն` Ռուսաստան, ԵՄ, ԱՄՆ։ «Կարծում եմ, որ և այդ երկրներում, և ԱՄՆ–ում, և ՌԴ–ում բնակվող հայերը պետք է կատարեն իրենց գործը, հիշեն այդ սարսափելի իրադարձությունները, տարբեր միջոցներով հիշեցնեն այդ մասին։ Իսկ առանց այդ երկրների աջակցության` ամենաբարձր մակարդակով և համաժողովրդական ճանաչման միջոցով, ոչինչ տեղի չի ունենա», – հայտարարել է նա։



Նա ընդգծել է, որ անցած 100 տարվա ընթացքում հայերը շատ բան են արել ցեղասպանության ճանաչման համար` սկսած ամենահայտնի գործիչներից, որոնց թվում է նաև Շառլ Ազնավուրը, և մտավորականության ներկայացուցիչներից ու քաղաքական գործիչներից` վերջացրած շարքային հայերով։



«Սակայն, ինչպես տեսնում ենք, ցեղասպանության ճանաչումը շատ դանդաղ է տեղից շարժվում։ Եվ խնդիրը հայերի և մեր բարեկամների մեջ չէ, այլ` Թուրքիայի ղեկավարության, որը տարեցտարի ամեն կերպ ժխտում է և անում ամեն ինչ` կատարված չարագործությունը չճանաչելու համար», – կարծում է Մարտիրոսյանը։

Նույն շարքից