Ավստրիայի դաշնային խորհրդարանը չորեքշաբթի հայտարարություն ընդունեց Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ, Twitter–ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Նախօրեին Ավստրիայի խորհրդարանի բոլոր վեց խմբակցությունները համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել, որը վերաբերում է 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունը «ցեղասպանություն» ճանաչելուն։
«Հայոց ցեղասպանության հարցը կրկին հայտնվեց հասարակական ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը բնութագրեց այն որպես XX դարի առաջին ցեղասպանություն, ինչի նկատմամբ Թուրքիան վրդովմունք արտահայտեց` Վատիկանից հետ կանչելով իր դեսպանին», – նշվում է հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ տեղի ունեցածի համար պատասխանատվության մի մասն ընկած է նաև Ավստրիայի վրա` հաշվի առնելով այն, որ Ավստրո–Հունգարիան Առաջին աշխարհամարտի ժամանակ եղել է Օսմանյան կայսրության դաշնակիցը։
Խորհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ հիշատակվում է նաև Օսմանյան կայսրության տարածքում բնակվող այլ քրիստոնյաների` ասորիների, արամեացիների, պոնտացիների, հույների ցեղասպանությունների մասին։