Հիշում եմ և պահանջում 

Կոնգրեսական Շիֆը հիասթափված է Օբամայի որոշումից. Եթե ոչ 100 տարի անց, ապա ե՞րբ

Կոնգրեսական Ադամ Շիֆը խորապես հիասթափված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ուղերձում Հայոց ցեղասպանությունը չճանաչելու որոշումից,գրում է PanARMENIAN.Net-ը:


 

Կոնգրեսականը իր Facebook-յան էջում գրել է.


 

«Խորապես հիասթափված եմ նրանից, որ նախագահը հերթական անգամ չի կարողանում ճիշտ գնահատել 1,5 մլն հայերի բնաջնջումը 1915-23 թթ. և ճանաչել, որ դա ցեղասպանություն էր: Որքա՞ն պետք է սպասեն զոհերն ու նրանց ժառանգները, մինչև որ մեր երկիրն այնքան համարձակություն ունենա, որ դիմակայի Թուրքիային` ճշմարտությունն ասելով Օսմանյան կայսրության հանցավոր անցյալի մասին: Եթե նախագահը չասի անցյալը ճանաչելու մասին, ապա ո՞վ պետք է դա անի: Եթե՞ ոչ 100 տարի անց, ապա ե՞րբ»,-գրել է նա:


 

«ԱՄՆ-ն տարիներ շարունակ հպարատցել է, որ փարոս է հանդիսանում մարդու իրավունքների պաշտպանության, վայրագությունների դեմ պայքարի, սեփական և այլ երկրների անցյալի ցավոտ էջերի ճանաչման գործում: Դա չի կարող լինել, եթե նախագահը կամ Կոնգրեսը մեղսակից են դառնոմ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը: Անցած շաբաթ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարեց վերքն ամոքելու անհրաժեշտության մասին, որը շարունակում է արյունահոսել ճանաչման բացակայության պատճառով: Ես միայն ուզում եմ, որ Վաշինգտոնում դա լսեն»,-գրել է Շիֆը:



Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:



 

Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ:

Նույն շարքից