«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Թուրքիան հզոր պետություն է և ճնշումների ազդեցությամբ չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
«Թուրքիան կանի այն, ինչ բխում է իր շահերից»,-ասաց Սասունյանը՝ նշելով, որ եթե ամբողջ աշխարհն էլ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, միևնույն է՝ Թուրքիան չի ասի, որ եղել է ցեղասպանություն:
Հարութ Սասունյանի խոսքով՝ հայերը պետք է շարունակեն պայքարը դատարաններում՝ ցույցերով, գրքերով, ֆիլմերով, ամեն ինչով:
«Անշուշտ, հզոր պետություն չենք, հզոր բանակ չունենք, այլապես թուրքերը կվախենային ու նույն օրը կճանաչեին, կհատուցեին: Իրենք են հզոր, մենք՝ թույլ, աշխարհում արդարությունը, ճշմարտությունն արժեք չունի, եթե թույլ բանակ ունես: Իսկ եթե հզոր բանակ ունես, արդարությունը, ճշմարտությունը քո կողքին է»,- նկատեց Հարութ Սասունյանը:
Արձագանքելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի վերջին հայտարարությանը, որով Թուրքիայի վարչապետը «օսմանցի հայերի» ժառանգներին ցավակցական ուղերձ էր հղել Սասունյանն ասաց, որ դրանք թուրքական քաղաքականության լկտի խաղերն են, նրանք փորձում են խաբել արտաքին աշխարհին:
«Ցավ են հայտնում, թե՛ թուրքերին, թե՛ հայերին, ովքեր մահացել են առաջին աշխարհամարտի ժամանակ: Իրենք իրենց մեղքով են մահացել՝ դուրս գալով հզոր պետությունների դեմ, իսկ մենք պատերազմի զոհեր չենք, մենք ցեղասպանության անմեղ զոհեր ենք»,-ասաց Հարութ Սասունյանը՝ հավելելով, որ արտաքին աշխարհն այսօր շատ դեպքերում հավատում է թուրքական ստին:
Ինչ վերաբերում է ապրիլի 24-ը որպես Գալիպոլիի ճակատամարտի օր նշելուն, ապա Հարութ Սասունյանն ասաց. «Թուրքիան նպատակաուղղված է դա արել՝ կեղծելով օրը: Նպատակը մեկն է՝ խանգարել ապրիլի 24-ին Հայաստանում կազմակերպվելիք միջոցառումները»։