Հիշում եմ և պահանջում 

Նրանք, ովքեր վերահսկում են անցյալը, վերահսկում են ապագան․ պրոֆեսոր Սմիթ

Թուրքիան փաստորեն ստիպել է ԱՄՆ–ի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի կառավարություններին միանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը, կարծում է «Ուիլյամ Ընդ Մերի» քոլեջի (Վիրջինիա, ԱՄՆ) պրոֆեսոր, քաղաքականության տեսության և ցեղասպանության համեմատական դասընթացի դասախոս Հենրի Վ.Սմիթը։



«Նրանք, ովքեր վերահսկում են անցյալը, վերահսկում են ապագան։ Ցեղասպանությունը և ժխտողականությունը զույգ եղբայրներ են։ Թուրքիան ժխտողականության քաղաքականության վրա միլիոնավոր դոլարներ է ծախսում, նրան հաջողվել է մի շարք կառավարությունների, այդ թվում` Իսրայելի, ԱՄՆ–ի և Բրիտանիայի կառավարություններին համոզել միանալ այդ քաղաքականությանը նպատակահարմարության նկատառումներով»,– չորեքշաբթի ասաց Սմիթը Երևանում մեկնարկած «Ցեղասպանության հանցագործության դեմ» գլոբալ համաժողովի ընթացքում։



Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումների շրջանակում անցկացվող «Ցեղասպանության հանցագործության դեմ» երկօրյա գլոբալ համաժողովին մասնակցում են տարբեր երկրների մոտ 600 պատվիրակներ։



Պրոֆեսորի խոսքով` դա չի նշանակում, որ այդ երկրները չգիտեն ճշմարտությունը։ «Հենց ինքը ժխտողականությունը բաղկացած է մի քանի տարրից` «մենք այդ մասին չգիտենք, բայց մենք դա չենք արել, զոհերն իրենք են մեղավոր, «ցեղասպանությունը» կիրառելի չէ այդ իրադարձությունների դեպքում»,– նշեց Սմիթը։



Պրոֆեսորի խոսքով` Թուրքիայի քաղաքականությունն անփոփոխ է, բայց հանգամանքներից կախված` փոխվում է նրա մարտավարությունը։ «Դիվանագիտական ճնշումը փոխարինվում է լոբբինգով, գիտնականներին համոզելով, գիտաժողովների տապալման փորձերով, ինչպես դա եղել է Թել Ավիվում»,– ընդգծեց Սմիթը։

Նույն շարքից