Հիշում եմ և պահանջում 

Թուրքիայում վախենում են պատմության խայտառակ հետքից. բարոնուհի Քոքս

Բրիտանացի բարոնուհի  Քերոլայն Քոքսը հույս հայտնեց, որ Թուրքիան վերջիվերջո կճանաչի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ինչը կարևոր է ոչ միայն հայերի, այլ հենց թուրքերի համար։ Այդ մասին նա ասաց Երևանում մեկնարկած «Ցեղասպանության հանցագործության դեմ» գլոբալ համաժողովի ընթացքում։



Նրա խոսքով, Անկարայի ժխտողական քաղաքականությունը կապված է մի քանի գործոնների հետ, մասնավորապես, Թուրքիան վախենում է խայտառակությունից, որը նրա գլխին կթափվի ճանաչումից հետո։



«Իսլամական պետություններում մեծ նշանակություն ունի ամոթն ու խայտառակությունը, և Թուրքիայում վախենում են պատմության խայտառակ հետքից։ Կարծում եմ` Թուրքիայի կառավարության համար ավելի լավ կլիներ ճանաչել Ցեղասպանությունը, համարելով, որ ինքը ճանաչումը պատվի գործ է, այլ ոչ թե խայտառակության»,– նշեց Քոքսը։ Բարոնուհու խոսքով, մեկ այլ կարևոր գործոն է նաև փոխհատուցման պահանջը` Անկարան վախենում է դրանից։



Նա միաժամանակ հույս հայտնեց, որ ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները, այնուամենայնիվ, կճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ «Ես մի շարք դրական փոփոխություններ եմ տեսնում անգլիալեզու մամուլում այդ հարցի շուրջ»,– ասաց Քոքսը։

Նույն շարքից