Հիշում եմ և պահանջում 

Իսրայելը պետք է լիներ Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը. Յահիր Աուրոն

Հայոց ցեղասպանության ժխտումը վիրավորում է Հոլոքոստի զոհերի հիշատակը, կարծում է իսրայելացի պատմաբան, գիտնական և Հոլոքոստի ու ցեղասպանությունների, ռասայականության և ժամանակակից հրեականության ուսումնասիրության ոլորտի փորձագետ, Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր Յահիր Աուրոնը։



«Իսրայելը պետք է լիներ Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը, բայց այդպես, ցավոք, չեղավ։ Մենք պետք է հասկանանք, որ, ժխտելով Հայոց ցեղասպանությունը, մենք վիրավորում ենք Հոլոքոստի զոհերի հիշատակը»,– ասաց նա Երևանում մեկնարկած «Ցեղասպանության հանցագործության դեմ» գլոբալ համաժողովի ընթացքում։



«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա համաժողովն է մեկնարկել Երևանում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում։ Համաժողովին մասնակցում է տարբեր երկրների ավելի քան 600 ներկայացուցիչ։



Աուրոնն ընդգծեց, որ գոյություն չունեն, այսպես կոչված, «երրորդ երկրներ», «դու պաշտպանում ես կամ զոհին, կամ դահճին»։



«Մենք հնարավորություն չունենք կանխելու նոր ցեղասպանություններ, քանի դեռ ընդամենը երկու տասնյակ երկրներ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,– ասաց նա։



Աուրոնը խորին երախտագիտություն հայտնեց համաժողովի շրջանակում կազմակերպած Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, Ռուանդայի, Դարֆուրի, Կամբոջայի ցեղասպանությունների մասին պատմող ֆոտոցուցահանդեսի կապակցությամբ։



«Ես կցանկանայի, որ իմ երկիրն էլ այդքան համարձակություն ունենա, որքան այսօր դուք եք դրսևորել։ Մեզ մոտ չեն խոսում ոչ մի ցեղասպանության մասին, բացի Հոլոքոստից»,– ավելացրեց նա։



Նա միաժամանակ ընդգծեց, որ հայ ժողովուրդը կրկնակի է հայտնվել զոհի դերում` Ցեղասպանության զոհի և դրա ժխտման զոհի։



«Հայ ժողովուրդը կշարունակի տառապել, քանի դեռ կան երկրներ, որոնք ժխտում են 1915 թվականի Ցեղասպանությունը։ Ցավոք, ողջ մնալու համար պայքարը հայ ժողովրդի համար դեռ չի ավարտվել, դեռևս լիարժեք չէ Ցեղասպանության ճանաչումը, և Արցախը չի միացել Հայաստանին»,– ավելացրեց նա։

Նույն շարքից