Ազգային մեծագույն ողբերգություն է տեղի ունեցել, ցեղասպանություն, որը աշխարհի պատմական ժառանգության կարևոր մասը եղավ: Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում իր ելույթում այսպիսի հայտարարություն արեց Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին:
«Ինձ ծանոթ է այս պատմությունը, որովհետև իմ ժողովուրդը ևս նացիստական Գերմանիայի և Խորհրդային միության կողմից ենթարկվել է բռնությունների: Այսօր, երբ անցել է 100 տարի, պետք է բարձրաձայնենք, որ 100 տարի առաջ հայերը մահացան միայն հայ լինելու, հայերը մահացան քրիստոնյա լինելու համար»,-հայտարարեց Եվրախորհրդարանի փոխնախագահը:
Նա նշեց, որ հիացած է հայ ժողովրդով, ով հպարտ է իր պատմության ժառանգությամբ, քաղաքակրթությամբ. «Մեզ պատիվ է մեզ համար, որ միասին կարող ենք հարգանքի տուրք մատուցել հայերի հիշատակին»:
Ելույթի վերջում Ռիչարդ Չարնեցկին հայերեն ասաց՝ «Հայաստա՛ն, շնորհակալություն»: