Հիշում եմ և պահանջում 

Ամեն պետություն պետք է իր պատմության հետ առերեսվի. թուրք իրավապաշտպան

analitik.am

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահի տեղակալ, ազգությամբ թուրք Յուսուֆ Ալաթաշը, ով նաև Թուրքիայիում գործող Մարդու իրավունքների  ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ է, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ցեղասպանությունը մի շարք խնդիրների համակցություն է՝ մարդու իրավունքների, քաղաքական ու այլն:



«Թուրքիան պետք է լուրջ քայլեր անի, սակայն առանց նախապայմանների, առանց որևէ դժվարություններ ստեղծելու: Թուրքիայի իշխանությունները պետք է պետական մակարդակով ներողություն խնդրեն հայերից, որից հետո փնտրեն ճանապարհը, որով կարող են երկու ազգերի միջև հաշտություն հաստատել ու քայլեր ձեռնարկեն: Իհարկե, այս խնդիր համամարդկային է ու կարևոր, թե ինչ դիրքորոշում ունեն այս հարցի հանդեպ մյուս երկրները, բայց Թուրքիան պետք է քայլ անի իր ներքին մղումներից ելնելով։ Թուրքիան ունի այդ ուժը, պոտենցիալը: Շտապ պետք է երկու երկրների միջև երկխոսություն սկսվի»,-ասաց նա:



Յուսուֆ Ալաթաշը նշեց, որ այդ երկխոսությունը մի օր կկայանա, քանի որ Թուրքիայի հասարակության մեջ փոփոխություններ են տեղի ունենում:

 

 

«Թուրքիան պետք է պատրաստի երկխոսության հիմքը, ինչի համար անհրաժեշտ է Ցեղասպանության ճանաչում, սահմանների բացում և դրանից հետո ինքնաբերաբար կսկսվի երկխոսությունը: Ամեն պետություն պետք է իր պատմության հետ առերեսվի: Բայց պետք է նաև նշեմ, որ մեր ազգի մեջ տաբու համարվող այս թեման սկսվել է ավելի հաճախ շոշափվել»,- ասաց նա:

Նույն շարքից