Մեր երկրի մեջ հայ համայնքը կարևորություն ունի և կարևոր աշխատանքներ է իրականացնում: Այս մասին այսօր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի ժամանակ ասաց Ուրուգվայի պատգամավորական պալատի փոխնախագահ Պաբլո Աբդալան:
Նա հիշեցրեց, որ այսօր քսանչորս երկիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և Ուրուգվայը եղել է առաջիններից մեկը:
«Մենք ամեն տարի ապրիլի քսանչորսին հրապարակային ձեռնարկ ենք կազմակերպում, որին մասնակցում են քաղաքական ու ազգային ուժերը»,-ասաց նա:
Նա կարևորեց երկրների խորհրդարանների դերը օրենսդիր աշխատանքներում և նշեց, որ Ուրուգվայի խորհրդարանը կարևորում է մարդկային իրավունքները:
Անդրադառնալով Ցեղասպանության դեմ պայքարին՝ նա ասաց. «Եթե չպայքարենք, սա կկրկնվի և հստակ քայլեր պետք է ձեռնարկենք ժխտողականության դեմ: Հարգելի՛ նախագահ, կարծում եմ, որ պետք է աշխատենք, որ ամբողջ աշխարհում հասարակությունները, որոնք իրենց համարում են ժողովրդավար, նույնպես ընդգրկվեն այս գործում»,-ասաց նա նշեց, որ միայն այս եղանակով կարող են հասնել այնպիսի վիճակի, որ հանգիստ քնեն: