Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ապրիլի 23-ին հատուկ չվերթով ժամանել է Հայաստան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ նախագահելու Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, գրում է «Արմենպրես»-ը: Նորին Սուրբ Օծությանն ընկերակցում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանության եպիսկոպոսներ ու վարդապետներ:
Վեհափառ Հայրապետն իր հետ բերել է ցեղասպանության զոհերի մասունքներ, որոնք պահվել են Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանի Սրբոց Նահատակաց մատուռում:
Արամ Ա կաթողիկոսը սրբադասման արարողությունից անմիջապես հետ նույն գիշերը պետք է վերադառնա Անթիլիասի մայրավանք՝ նախագահելու ապրիլի 24-ի եկեղեցական արարողությունը, ինչպես նաև օծելու վերանորոգված Հայոց Ցեղասպանության առաջին հուշարձանը և 100-րդ տարելիցի իր հայրապետական պատգամը կփոխանցի ժողովրդին:
Ապրիլի 23-ի առավոտյան Մայր Տաճարում մատուցվել է Սբ Պատարագ: Ժամը 17:15-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Ս. Տրդատի բաց խորանին, տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: