Հիշում եմ և պահանջում 

Մոտ 5 հազար մարդ Ղրիմում խաչերով երթի է դուրս եկել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մոտ 5 հազար մարդ Ղրիմում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչերով երթի է մասնակցել։ 



Երթը գլխավորել են հոգևորականությունը և հանրապետության հայկական շարժումների հասարակական–քաղաքական առաջնորդները։ Մեծահասակների հետ խաչերով երթին մասնակցում են նաև երեխաներ` նրանք ազգային տարազներով են, շատերի ձեռքին ծաղիկներ են և վառվող մոմերով լապտերներ։



«Խաչերով երթին մասնակցել է մոտ հինգ հազար մարդ»,– «ՌԻԱ Նովոստիին» հայտնեց Ղրիմի` ազգամիջյան հարաբերությունների և արտաքսված քաղաքացիների  պետական կոմիտեի ազգային մշակութային միավորումների հետ աշխատանքի բաժնի պետ Շամիր Խուբլարյանը։



Երթի մասնակիցների ձեռքներին Հայաստանի, Ռուսաստանի, Ղրիմի Հանրապետության դրոշներն են, ինչպես նաև պաստառներ` «Թուրքիա, ճանաչիր Հայոց ցեղասպանությունը», «Ո′չ Հայոց ցեղասպանության մոռացությանը», «Ցեղասպանությունն արդարացում չունի», «Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ հանցագործություն է»։



Խաչերով երթն ավարտվել է Սուրբ Հակոբ հայկական եկեղեցու մոտ, որտեղ մասնակիցները ծաղիկներ են դրել և զոհերի հիշատակի մաղթանքներ հնչեցրել։ Բացի այդ, հայկական գերեզմանատանը վերականգնումից հետո բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը` քարե կոթող խաչի զարդապատկերով։



Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը Հայոց ցեղասպանությունն անվանեց պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկը։



«Հարյուր տարի առաջ այդ ողբերգության զոհ է դարձել մոտ մեկուկես միլիոն մարդ։ Մենք կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու վիշտը։ Ղրիմի քաղաքացիները միասնական են այլատյացության, խտրականության և բռնության ցանկացած ձևերը չընդունելու հարցում»,– ասվում է Ակսյոնովի` Ղրիմի կառավարության պաշտոնական կայքում հրապարակած ուղերձում։

Նույն շարքից