ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ելույթ է ունեցել «Աշխարհն առանց ցեղասպանության» խորագրով հիշատակի երեկոյի ընթացքում, որը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, գրում է կուսակցության պաշտոնական կայքը։
«Այդ սարսափելի դեպքերի մասին հիշողությունն ապրում է յուրաքանչյուր հայի սրտում։ 100 տարի առաջ հայերին կոտորում էին ընտանիքներով, գրավում գյուղեր։ Դա մեծ ողբերգություն է»,- ասել է Ժիրինովսկին։
Նա նշել է, որ ապրիլի 22-ին Լենինի ծննդյան օրվա առթիվ ծաղկեպսակներ են դրել, սակայն նա՞ չէ, որ թույլ է տվել թուրքերին պահպանել իրենց պետությունը, զենք, ոսկի տրամադրել։ Այդ նրանից հետո չէ՞, որ Ռուսական կայսրությունում մնացել է տարանջատումն ըստ ազգային պատկանելիության, ինչն էլ հանգեցրել է բազմաթիվ արյունալի հակամարտությունների։
«Այսօր էլ շարունակվում է ցեղասպանությունը, այժմ՝ ռուսների ցեղասպանությունն Ուկրաինայում։ Իհարկե, քանի կա ռուսական բանակը, ռուս ազգը միշտ էլ հուսալի պաշտպանության ներքո կլինի»,- նշել է պատգամավորը։