ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը շնորհավորել է Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Բարձր գնահատելով Սամվել Ղասաբօղլյանի ավանդը հայկական ֆուտբոլում, ՀՖՖ նախագահը մասնավորապես նշել է. «Սամվել Ղասաբօղլյանը ֆուտբոլային այն սերնդի ներկայացուցիչներից է, որոնք 70-ական թվականների վերջերին ընդգրկվելով Երևանի «Արարատի» հիմնական կազմում, նոր լիցք հաղորդեցին հայկական ֆուտբոլին՝ բազմաթիվ անմոռանալի պահեր պարգևելով մեր ֆուտբոլի երկրպագուներին:
Միշտ նվիրվածությամբ ծառայելով հայկական ֆուտբոլին, Սամվել Ղասաբօղլյանը ֆուտբոլիստի իր պրոֆեսիոնալ որակներով, մարդկային իր նկարագրով օրինակ է հանդիսացել մեծ ֆուտբոլ ոտք դրած բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստների համար»: ՀՖՖ նախագահը առողջություն և բարօրություն է մաղթել անվանի ֆուտբոլիստին: