Հիշում եմ և պահանջում 

«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլին մասնակցում են 48 հայեր Դիարբեքիրից

analitik.am

ՀՀ սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլին մասնակցում է աշխարհի 15 երկրից 182 մասնակից, այդ թվում՝ 48-ը Թուրքիայից: Օգոստոսի 4-ին տեղի է ունեցել 6-րդ փուլի բացման արարողությունը:

 

 

Ողջունելով ծրագրի մասնակիցներին` ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշել է. «Հայրենիքն իր թևերը լայնորեն բացել է Ձեր առաջ: Համոզված եմ, որ այս ընթացքում ձեր մեջ կարթնանա պատմական անբարենպաստ դեպքերի ազդեցությամբ նիրհած հայրենասիրական գենը»:

 

Նախարարի տեղակալն ուրախությամբ հայտնել է, որ 6-րդ փուլին մասնակցում են մեր պատմական մայրաքաղաքից՝ Դիարբեքիր վերանվանված Տիգրանակերտից ժամանած իսլամացած հայեր: «Մեր հայրենակիցների այցը Հայրենիք, հայկական իրականությունը ճանաչելու ամենաճիշտ և ամենաուղիղ ճանապարհն է: Հուսանք, որ այսուհետ Հայաստան-Դիարբեքիր կապն անխափան կլինի: Դիարբեքիրում ապրող հայությանն իրենց արմատներին ծանոթացնելու անգնահատելի ջանքերի, ինչպես նաև նրանց այցը Հայաստան կազմակերպելու համար շնորհակալ ենք կանադահայ ինժեներ, բարերար Րաֆֆի Պետրոսյանին, ով նաև անցյալ տարի նախաձեռնեց և իրականություն դարձրեց Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերակառուցումը»,-նշել է Սրապիոնյանը:

Այնուհետև ելույթ է ունեցել Դիարբեքիրից ժամանած խմբի ղեկավար Գաֆուր Թուրքայը (Օհաննես Օհանյան): «Շնորհակալ ենք մեզ այսպես ջերմորեն հյուընկալելու համար: Մենք հուզված ենք՝ այսքան հայություն մեկ տեղում միախմբված տեսնելով: 99 տարի Դիարբեքիրում կյանքը կարծես կանգ առած լիներ, 99 տարի անց մեր ձեռքերի շղթաներն այլևս արձակված են: Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ հայերից շատերն ապաստանեցին եվրոպական, ամերիկյան, արաբական երկրներում: Բայց ամենից դժվարը մեզ համար էր՝ մնալ Արևմտյան Հայաստանում, մեր հողում՝ կորցնելով մեր անունն ու ազգանունը, մեր կրոնը: Շատ ուրախ ենք, որ այսօր Տիգրանակերտում արմատներին վերադառնալու մեծ շարժում է սկսվել», - նշել է Գաֆուր Թուրքայը՝ հավելելով, որ Գաֆուրն իր թրքական անունն է, և ինքը միայն վերջերս է վերադարձել քրիստոնեական արմատներին՝ վերագտնելով իր  հայկական ազգանունը՝ Օհանյան:

 

Մասնակիցներին հայկական պարերով ողջունել է «Մարգարիտներ» ավանդական երգի-պարի համույթը, որ վերջերս էր վերադարձել Արևմտյան Հայաստանից: Միջոցառման ավարտին «Մարգարիտներ» համույթին միացել են նաև Դիարբեքիրից եկած հայերը, ինչպես նաև ծրագրի մյուս մասնակիցները և միասին հայկական պար պարեցին:

 

«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի մասնակիցները հանդիսավոր բացումից անմիջապես հետո այցելել են Երևանի Պատմության թանգարան և Օշական՝ ծաղիկներ դնելու Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին:

Նույն շարքից