Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Համիդ Չիթչիանին: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների հարաբերություններին, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Վարչապետը կարեւորել է երկու երկրների միջեւ բարձրաստիճան փոխայցելությունները, որոնք նպաստում են հայ-իրանական քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի Հայաստան կատարած այցից հետո ակտիվորեն շարունակվում են համատեղ ծրագրերի իրականացման, այդ թվում Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքները: Խոսելով առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման մասին՝ վարչապետը կարեւորել է Երեւանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, գործարար կապերի զարգացումն ու բիզնես ֆորումների անցկացումը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Երեւանում Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստն ու ստորագրված հուշագիրն՝ ուղղված տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը:
Համիդ Չիթչիանը վարչապետ Աբրահամյանին է փոխանցել Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույններն ու շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ Երեւանում Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստը նախաձեռնելու համար: Պարոն Չիթչիանն արդյունավետ է գնահատել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքները, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական ծրագրերն ու առաջիկա քայլերը: Իրանի էներգետիկայի նախարարն ընդգծել է, որ անցնող տարում շոշափելի քայլեր են իրականացվել հայ-իրանական ծրագրերի իրականացման ուղղությամբ եւ վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների միջեւ ձեւավորված սերտ փոխգործակցությունն ու կապերը կնպաստեն բոլոր նախագծերի արդյունավետ եւ հաջող իրականացմանը, ինչպես նաեւ տարբեր նախաձեռնությունների կյանքի կոչմանը: Համիդ Չիթչիանը կարեւորել է Երեւանում ՀՀ-ի, Իրանի, Վրաստանի եւ ՌԴ-ի միջեւ ստորագրված էներգետիկ համագործակցության քառակողմ հուշագիրը, որը լայն հնարավորություններ կստեղծի էներգետիկայի ոլորտում փոխգործակցության զարգացման համար, կապահովի տնտեսական շահութաբերություն, կնպաստի տարածաշրջանի էներգետիկ անվտանգության բարձրացմանը, էլեկտրաէներգիայի կայուն ցանցի ապահովմանն ու տարանցմանը:
Այնուհետեւ վարչապետ Աբրահամյանը եւ Համիդ Չիթչիանն անդրադարձել են համատեղ ծրագրերի ուղղությամբ ներդրումների ներգրավմանը, Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ծրագրին, առեւտրաշրջանառության եւ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաեւ գյուղատնտեսության, բնապահպանության, զբոսաշրջության եւ հումանիտար բնագավառներում փոխգործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցերի:
Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանը խնդրել է Էսհաղ Ջահանգիրիին փոխանցել իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: