Բիզնես Տնտեսություն 

Պետք է ամրապնդենք դրամավարկային և ֆինանսական համաձայնեցված քաղաքականության ինստիտուցիոնալ հիմքերը. ԿԲ նախագահ

analitik.am

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել 2015 թ. տարեմուտի ավանդական ընդունելություն, որին ներկա է եղել նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն իր ելույթում ասել է.

«Մեծարգո Նախագահ,

Հարգելի հյուրեր և գործընկերներ,

Ողջունում եմ ձեզ Կենտրոնական բանկի հարկի տակ` ավանդույթ դարձած տոնական այս միջոցառմանը:

Նախորդ տարեվերջին և 2015 թվականի ամբողջ ընթացքում Հայաստանի տնտեսությունը բազմաբնույթ մարտահրավերների պակաս չզգաց: Դրանք պարբերաբար ուժգնանում էին մեր հայրենակիցների՝ հաճախ չհիմնավորված մտավախությունների և դրանցից բխող անկանխատեսելի վարքագծի դրսևորմամբ: Իրավիճակը տնտեսական քաղաքականություն մշակողներին հուշում էր ոչ ստանդարտ մոտեցումների անհրաժեշտության մասին: Դիմակայել բացասական զարգացումներին անհրաժեշտ էր շատ արագ և կտրուկ քայլերով:

Մեր պատասխանատու վերաբերմունքը մակրոտնտեսական կայունության ամրապնդման նկատմամբ տվեց իր արդյունքը, ինչի ձեռքբերումը հնարավոր դարձավ Կառավարության մեր գործընկերների աջակցությամբ: Մենք վստահ էինք, որ մեր կողմից իրականացվող դրամավարկային և ֆինանսական կայունության քաղաքականությունը հաջողելու է:

Այսօր կայուն է ֆինանսական շուկան, ապահովված է Կենտրոնական բանկի գլխավոր խնդիրը` գների կայունությունը: Տարվա ընթացքում աշխարհում և տարածաշրջանում ընթացող խորը կառուցվածքային տեղաշարժերի շարունակական բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա արդյունավետ կերպով չեզոքացվել է:

Ձեռք բերված մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը նախադրյալներ ստեղծեցին, հատկապես միջին ժամկետում, տնտեսական կայուն աճի ապահովման համար: Արդյունքում՝ ի տարբերություն տարածաշրջանի որոշ երկրների, հնարավոր եղավ կանխել մեր քաղաքացիների առանց այդ էլ ցածր եկամուտների գնողունակության հետագա անկումը:

Կենտրոնական բանկին տարվա ընթացքում հաջողվել է նվազեցնել գնաճային սպասումները, որին նպաստել են նաև արտաքին աշխարհից գնաճային ճնշումների բացակայությունը և բարենպաստ բնակլիմայական պայմաններում գյուղատնտեսական ապրանքների գների անկումը: Տարվա ընթացքում 1.75 տոկոսային կետով նվազեցրել ենք քաղաքականության տոկոսադրույքը և, հատկապես վերջին՝ 1 տոկոսով դրամավարկային պայմանների թուլացմամբ վերադարձ է կատարվել մինչև 2014 թվականի նոյեմբերի դրությամբ առկա բնականոն վիճակին:

Թերևս ազգային արժույթի նկատմամբ վստահության բարձրացման, ինչպես նաև դրամի փոխարժեքը սպասումներով կամ սպեկուլյատիվ դրդապատճառներով տատանումներից զերծ պահելը մնում է մեր օրակարգի առաջնահերթություններից: Այդուհանդերձ, մեզ անհրաժեշտ է առավել հստակ շեշտադրել, որ Կենտրոնական բանկի գլխավոր նպատակը գնաճի ցածր և կայուն մակարդակի ապահովումն է: Աշխարհի փորձը ցույց է տվել, որ միայն ցածր ու կառավարելի գնաճի միջոցով է հնարավոր ապահովել բարեկեցության հարատև աճ և կայունություն ֆինանսական շուկաներում:

Ինչպես կենտրոնական բանկի, այնպես էլ միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականները վկայում են, որ ներկայումս դրամի փոխարժեքը հավասարակշռված է և համապատասխանում է տնտեսական գործոններին: Անհրաժեշտ է, որ տնտեսվարողները նույնպես ապավինեն դրամի` տնտեսության հիմնարարներից բխող գնողունակությանը և նվազեցնեն իրենց չափից ավելի դոլարացված ակտիվների մակարդակը:

Նոր Սահմանադրությունը համարժեք դարձրեց Կենտրոնական բանկի երկու խնդիրները՝ դրամավարկային և ֆինանսական կայունության ապահովումը, որը ոչ միայն համահունչ է ներկայիս մարտահրավերներին, այլև դարձել է աշխարհի կենտրոնական բանկերի համար պահի հրամայական:

Կենտրոնական բանկի հետևողական, երբեմն նաև կոշտ քաղաքականությունը ընկալվել է ֆինանսական համակարգի մասնակիցների կողմից: Արտաքին աշխարհից թելադրված ցնցումների ծախսերը կիսով չափ դնելով ֆինանսական համակարգի վրա` հնարավոր եղավ պահպանել ֆինանսական կայունությունը մեր երկրում:

Գլոբալ տնտեսական անբարենպաստ զարգացումները ավելի կարևորեցին ֆինանսական կայունության մարտահրավերներն ամբողջ աշխարհում: Գրեթե բոլոր զարգացող երկրներում նկատվել են վարկերի աճի տեմպերի նվազում՝ զուգորդվելով վատորակ վարկերի տեսակարար կշռի աճով: Հայաստանն այստեղ առանձնահատուկ չէր, և առևտրային բանկերը, վարկերի որակի որոշակի վատթարացման պայմաններում վերագնահատեցին իրենց ռիսկերը՝ վարկավորման գործընթացում դառնալով առավել պահպանողական: Արտաքին ցնցումներից բխող մասնավոր հատվածում ռիսկերի և եկամուտների անհամաչափ աճը հանգեցրեց հաճախորդների վարկունակության կրճատմանը և վարկերի որակի վատթարացմանը: Բանկերը հակված եղան վարկավորել վարկունակ հաճախորդներին, որոնց շրջանակն այս տարիներին ցավոք նեղացել է: Այնուամենայնիվ, վերջին 7 տարիների ընթացքում բանկերի կողմից տրված վարկերի աճը աննախադեպ էր. վարկերն աճել են ավելի քան 5 անգամ՝ տարեկան միջինը 26%-ով, իսկ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը` 3.5 անգամ` կազմելով 48%:

Պետք է շեշտել, որ չնայած տարածաշրջանում ֆինանսական կայունությունը բնութագրող ցուցանիշների վատթարացման միտումներին` Հայաստանում 2015 թվականին արձանագրվել է այդ ցուցանիշների՝ մասնավորապես բանկերի կապիտալի համարժեքության և իրացվելիության աճ: Այստեղ իր նպաստն է ունեցել նաև նախորդ տարեվերջին Կենտրոնական բանկի կողմից բանկերի կապիտալի նվազագույն պահանջի բարձրացման վերաբերյալ կայացրած որոշումը: Վերջինիս նպատակն է ապահովել երկարաժամկետ հատվածում ֆինանսական միջնորդության աճ, ինչպես նաև հնարավոր վնասները սեփական միջոցների հաշվին կրելու ունակություն և երկարաժամկետ կայունություն: Արդյունքում 6 բանկեր արդեն համալրել են կապիտալ, իսկ մի քանիսը սկսել են աշխատանքներն այս ուղղությամբ: Արդեն իսկ հայտարարվել է 2 միաձուլումների մասին: Բանկային համակարգի երկարաժամկետ կայունությանն ուղղված այս գործընթացը հաջողությամբ ընթանում է, և այն անշրջելի է:

Ֆինանսական կայունության վկայություն է նաև տարվա ընթացքում ավանդների 9% աճը, որը հիմնականում պայմանավորված է ֆիզիկական անձանց ավանդներով: Այս դաշտում կարևորագույն օրենսդրական փոփոխություն էր ավանդների երաշխավորման առավելագույն շեմի 2.5 անգամ բարձրացումը, ինչպես նաև փոխհատուցման ժամկետի կրճատումը:

Նպատակ ունենալով քաջալերել երկար փողերի ներգրավումը բանկային համակարգի կողմից` Կենտրոնական բանկը զգալիորեն իջեցրեց երկարաժամկետ ներգրաված միջոցների նկատմամբ պարտադիր պահուստավորման դրույքաչափը:

Համագործակցելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ՝ 2015 թվականին Կենտրոնական բանկը շարունակել է աջակցել բանկերի կողմից գյուղատնտեսության, զբոսաշրջության, վերականգնվող էներգիայի և տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող այլ ոլորտների Փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Այս ծրագրերը 2015 թվականին համալրվեցին եվրոպական ներդրումային բանկի Փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման ծրագրով, որն արագ տեմպերով տեղաբաշխվում է: Արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել հաջորդ տարի նոր փուլ սկսելու վերաբերյալ: Այս ծրագրերով հատուկ ուշադրության են արժանանում հատկապես գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտերը` համալրելով Կառավարության հետ համատեղ իրականացվող գյուղատնտեսության ֆինանսավորման հատուկ ծրագիրը, որի միջոցով մինչև այսօր արդեն տրամադրվել են մոտ 70 մլրդ դրամի ավելի քան 70 հազար գյուղվարկեր:

Տարվա ընթացքում Կառավարության սուբսիդավորմամբ շարունակվել են սոցիալական ծրագրերի վարկավորումը: Կենտրոնական բանկի կողմից ստեղծված ենթակառույցների կողմից 2015 թվականին բանկերի միջոցով տրամադրվել է հիփոթեքային, ուսանողների, զինծառայողների և երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու մատչելի վարկեր, որոնց թիվը գերազանցում է վեց հազարի շեմը:

2015 թվականը հատկանշական էր նաև կապիտալի շուկայում արժեթղթերի թողարկումների աշխուժացմամբ: Նախորդ տարվա համեմատ արձանագրվեց թողարկված պարտատոմսերի ծավալների կրկնակի աճ: Միաժամանակ Կենտրոնական բանկի և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության աջակցությամբ, ԱՄՆ կառավարության մասնակի երաշխիքով առաջին անգամ Հայաստանում իրականացվեց ակտիվներով ապահովված պարտատոմսերի թողարկում: Պարտատոմսեր թողարկելու ուղղությամբ ջանքերը կշարունակվեն նաև հաջորդ տարի:

Տարին ամփոփվեց նաև 2 բանկերի կողմից բաժնետոմսերի հրապարակային առաջարկի միջոցով կապիտալի համալրմամբ: Շարունակվել են արժեթղթերի հաշվարկային և վճարային համակարգերի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչը գալիք տարում թույլ կտա մեր թողարկող ընկերություններին մուտք գործել համաշխարհային ինստիտուցիոնալ շուկաներ:

Ամփոփելով` ցանկանում եմ նշել, որ գալիք երկու տարիների ընթացքում մենք պետք է ամրապնդենք դրամավարկային և ֆինանսական համաձայնեցված քաղաքականության ինստիտուցիոնալ հիմքերը, որոնք կերաշխավորեն.

•            գների կայունության, և որ ամենակարևորն է՝ ցածր գնաճային սպասումների խարսխումը,
•            ֆինանսական համակարգի կայունությունը և աշխուժության վերականգնումը,
•            ապահովագրական շուկայի կատարելագործումը և նոր գործիքների ներդրումը,
•            այլընտրանքային ներդրումների ապահովումը՝ կապիտալի և ածանցյալների շուկաների զարգացման միջոցով:

Մեծարգո Նախագահ, հարգելի հյուրեր և գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս՝ գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Թող գալիք տարին լինի խաղաղության, կայունության ամրապնդման և ձեռքբերումների տարի:

Շնորհակալություն»:

Նույն շարքից