Հիշում եմ և պահանջում 

Քեսաբում նշել են Սբ Աստվածածնի վերափոխման տոնը (լուսանկարներ)

analitik.am

Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի Էսկյուրան գյուղում օրերս վերաօծված եկեղեցում պատարագ է մատուցվել: Այն մատուցել է Քեսաբի հոգևոր հովիվ տեր Մյուռոն քահանա Ավետիսյանը, գրում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը:

 

Օրվա պատգամը փոխանցել է Բերիո Հայոց թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը՝ հիշեցնելով, որ «Աստծո մոտ անկարելի բաներ չկան»:

Ապա հոծ բազմության ներկայությամբ տեղի է ունեցել խաղողի և մատաղի օրհնման արարողություն:

Սրբազան հոր «պահպանիչ» աղոթքով և Կիլիկիա երգով ավարտվել է Քեսաբում տեղի ունեցող երկօրյա արարողությունը:

Քեսաբում Աստվածածնի տոնի առթիվ նաև ավանդական հարիսա է պատրաստվել:

 

Հիշեցնենք, որ Քեսաբ հայաբնակ ավանը զինյալների կողմից հարձակման էր ենթարկվել մարտի 21-ին: Ամիսներ շարունակ ծայրահեղական զինյալների վերահսկողության տակ մնացած բնակավայրը կողոպտվել էր, վնասվել, պղծվել էին հայկական եկեղեցիները:

 

Սիրիայի կառավարական զորքն ամիսներ անց կարողացել էր վերատիրանալ բնակավայրին, ինչից հետո հայերը վերադարձել են այնտեղ և շարունակում են վերականգնել երբեմնի շեն ավանը:

Նույն շարքից