IT 

Մայքրոսոֆթը կմասնակցի ՏՏ ոլորտի կրթական ծրագրերին

analitik.am

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանին, տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական համակարգում բարձր տեխնոլոգիաների խթանմանը միտված ԿԳՆ ծրագրերը: Շեշտելով, որ ՏՏ ոլորտը ՀՀ կառավարության կողմից դիտարկվում է որպես գերակա ուղղություն՝ նախարարը կարևորել է կրթության և գիտության նախարարության համագործակցությունը ոլորտի առաջատար ընկերությունների հետ:

Մասնավորապես, որոշ ավագ դպրոցներում ՀՀ ԿԳՆ-ի, "Վիվասել ՄՏՍ", "Սինոփսիս Արմենիա", "Յունիքոմփ" ընկերությունների համագործակցությամբ մեկնարկել է միկրոէլեկտրոնիկայի զարգացման միջազգային ծրագիր, որի շրջանակում դպրոցներում փորձնական ներդրվել է "Տեղեկատվական տեխնոլոգիաներ", "Հեռահաղորդակցության հիմունքներ" և "Միկրոէլեկտրոնիկա" առարկաների ուսուցումը:

Գալիք տարում նախատեսվում է ծրագրի ընդլայնում, բացի այդ, ՀՀ ԿԳ նախարարը ծրագիրը կներկայացնի հունվարին Լոնդոնում կայանալիք Գլոբալ կրթական ֆորումին: Մայքրոսոֆթ ընկերության ներկայացուցիչները հանդիպման ընթացքում իրենց առաջարկությունն են ներկայացրել՝ առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու պետական ծրագրում մասնակցություն ունենալու վերաբերյալ: Նախարարը տեղեկացրել է, որ պետության կողմից "Մեկ աշակերտին` մեկ համակարգիչ" ծրագիրը Վայոց Ձորի մարզում արդեն մեկնարկել է. "Կրթության և գիտության նախարարությունը շահագրգիռ է, որպեսզի լինեն մի քանի առաջարկներ, և մենք հնարավորություն ունենանք մրցակցության արդյունքում կատարել ավելի լավ ընտրություն",- նշել է Ա. Աշոտյանը:

Պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում Մայքրոսոֆթ ընկերության կողմից ամբողջական առաջարկություն ներկայացնելու, ինչպես նաև փորձնական ծրագրում ընդգրկվող դպրոցների ցանկը ճշգրտելու վերաբերյալ: Այս ընթացքում ընկերությունը, համագործակցելով ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ,՝ աշխատանքներ կտանի համակարգիչների տեխնիկական պարամետրերի և կրթական բովանդակության համապատասխանեցման, ինչպես նաև հայաֆիկացման ուղղությամբ:

Նույն շարքից