Հիշում եմ և պահանջում 

Ս. Հովակիմի և Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնի ծնողների և յուղաբեր կանանց հիշատակության օր

analitik.am

Ս. Հովակիմի և Ս. Աննայի անուններն անմիջապես կապվում են Հիսուսի հետ, քանի որ նրանք Սուրբ Աստվածամոր ծնողներն են: Ըստ ավանդության՝ բարեպաշտ և մեծահարուստ Հովակիմը Դավթի ցեղից էր` թագավորական տնից, իսկ Աննան` քահանայական տնից: Մի օր, տաճարում ընծա մատուցելիս, քահանան Հովակիմին պատվիրում է վերջում կանգնել, քանի որ նա անզավակ էր: Սրանից վշտացած` Հովակիմը դուրս է գալիս և անմիջապես լեռը բարձրանում` երդվելով չիջնել այնտեղից մինչև Աստծո այցելությունը: Նրա օրինակով Աննան էլ տանն է աղոթում և ապաշխարության է նվիրվում: Եվ մի օր, երբ Աննան պարտեզում տեսնում է իրենց ձագերի հետ խաղացող թռչուններին, տխրում և լաց է լինում, քանզի ինքը զրկված էր մայրանալու շնորհից: Այդ պահին հայտնվում է Աստծո հրեշտակը և ավետում, որ նա զավակ է ունենալու, ում երանի են տալու  բոլոր ազգերը: Նույն տեսիլքը երևում է նաև Հովակիմին, ով ուրախությունից սկսում է ողորմություն բաժանել աղքատներին: Աննան հղիանում է, և ծնված հրեշտականման մանկանն անվանում են Մարիամ, որ նշանակում է  լուսավորյալ: 
Յուղաբեր կանայք Հիսուսի չարչարանքների, թաղման և խաչելության ականատեսներն են: Նրանք Տիրոջ Հարության առաջին ավետաբերներն են: Յուղաբեր կանայք Քրիստոսին հետևեցին Իր ողջ երկրային առաքելության իրագործման ընթացքում: Եկեղեցու կողմից նրանք կոչվում են «յուղաբեր», որովհետև միաշաբթի (կիրակի) առավոտյան գնացին գերեզման` Հիսուսի մարմինն իրենց պատրաստած անուշահոտ յուղերով օծելու: Իրենց անձնվիրության շնորհիվ նրանք առաջինը տեսան Հարուցյալ Փրկչին և այդ մասին հայտնեցին առաքյալներին: Նրանք նաև խմբովին ներկա էին Հոգեգալստին վերնատանը և առաքյալների հետ ստացան Սուրբ Հոգու շնորհները:

Նույն շարքից