Տնտեսություն 

Հայաստանում նախատեսվում է 4 նոր արհեստական ջրամբարների կառուցումը

Հայաստանում 2015 թվականին շարունակվել են չորս ջրամբարների նախագծման եւ շինարարության աշխատանքները։

Ջրային պետական կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ, Վեդու ջրամբարի պատվարի եւ օժանդակ կառուցվածքների մանրամասն նախագիծը պատրաստ է, իսկ ոռոգման համակարգի կառուցման մանրամասն նախագծման եւ մրցույթային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները կավարտվեն 2016 թվականի ապրիլին: Ոռոգման համակարգի կառուցման շինարարական աշխատանքների մրցութային գործընթացը կսկսվի այդ կառուցվածքների մանրամասն նախագծման եւ մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքների ավարտից հետո՝ 2016 թվականի ապրիլին:

Կառուցվող պատվարը կունենա  85 մ բարձրություն, 29 մլն խմ ծավալ, արդյունքում հնարավոր կլինի ոռոգել 3200 հա հողատարածք:

Շինարարական աշխատանքների ընդհանուր տեւողությունը կկազմի շուրջ 4 տարի:

Կապսի կիսակառույց ջրամբարի 1-ին փուլով նախատեսվում է ոռոգելի դարձնել 12325հա հողատարածք, իսկ 2-րդ փուլով՝ 2200հա: Շինարարական աշխատանքների ընդհանուր տեւողությունը կկազմի շուրջ 4 տարի: Վերջինիս ավարտը նախատեսվում է 2017 թվականի նոյեմբերին:

Եղվարդի անավարտ ջրամբարի առաջարկվող տարբերակը կունենա 90,0 մլն խմ ընդհանուր ծավալ, իսկ պատվարների բարձրությունը կլինի 32մ եւ 14մ: Եղվարդի անավարտ ջրամբարի վերակառուցման նպատակով 2014 թվականի հունիսից սկսվել են նախնական իրագործելիության ուսումնասիրությունները` երկու փուլով եւ ավարտվել 2015 թվականի հունիսին:

Ներկայումս ընթանում են ջրամբարի իրագործելիության ուսումնասիրությունները, որոնք կավարտեն  2016 թվականի մայիսին, որից հետո կսկսվեն նախագծման աշխատանքները:

Մանրամասն նախագծի եւ մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018 թվականին, իսկ ջրամբարի կառուցման աշխատանքները կսկսվեն 2018 թվականին, որի շինարարության ընդհանուր տեւողությունը պլանավորված է 5 տարի:

Մաստարայի ջրամբարը նախատեսվում է կառուցել 10.2 մլն խմ ընդհանուր ծավալով, օգտակար ծավալը՝ 8.2 մլն խմ, իսկ  պատվարի բարձրությունը՝ H=30մ:

Նույն շարքից