Հիշում եմ և պահանջում 

Մայր Աթոռը կազմակերպում է ընտանեկան խնդիրներին նվիրված գիտաժողով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սեպտեմբերի 12-ին տեղի կունենա «Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներ» խորագիրը կրող գիտաժողով:  Գիտաժողովին մասնակցելու են եկեղեցականներ, գիտնականներ, պետական համապատասխան ոլորտների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կներկայացվեն շուրջ 17 զեկույցներ: Գիտաժողովի նպատակն է բազմակողմանիորեն քննել, գնահատել, համադրել հայ ժողովրդի կյանքում Հայ Եկեղեցու դերակատարությունը և մտածողությունը, պատմական փորձառությունը և արդի մարտահրավերները հատկապես վերարտադրողական առողջության և իրավունքի ոլորտում:

 

Գիտաժողովը բաղկացած է լինելու երկու հիմնական մասերից` «Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում և նրա վրա ազդող գործոնները» և «Ժամանակակից հայ ընտանիքի առողջ կայացման ու աջակցման խնդիրները», որոնցում հիմնական շեշտադրում է կատարվելու հղիության արհեստական ընդհատման և հատկապես սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման երևույթի վրա: Գիտաժողովի աշխատանքը հիմք կծառայի հետագայում առողջապահության վերաբերյալ Հայ Եկեղեցու հայեցակարգի մշակման համար:

 

Գիտաժողովը կազմակերպել է Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակը` «Վորլդ վիժըն» կազմակերպության, ԵՀԽ Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի և ՄԱԲՀ (UNFPA) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

Նույն շարքից