Հիշում եմ և պահանջում 

Ամուսնալուծությունների, հղիության` սեռով պայմանավորված ընդհատումների աճը մտահոգիչ է. Ամենայն Հայոց Կաթողիկոս

analitik.am

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգիչ է համարում ամուսնալուծությունների, հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների աճը, ժողովրդագրական անցանկալի փոփոխությունները:

«Մեր օրերում արագընթաց փոփոխությունների, արժեքների անտեսման պայմաններում ընտանիքի ավանդական ընկալմանը հակադրվում են ծնունդ առնող հոսանքները, կենսատեխնոլոգիական միջոցների առաջադրած մարտահրավերները, որոնք թափանցում են մարդու կյանքի նվիրական ոլորտը, հատկապես՝ որդեծնության»,-այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպված «Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներ» խորագրով գիտաժողովի ժամանակ ասաց նա:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում նախ շեշտեց, որ հայ եկեղեցին մշտապես բարձր է գնահատել ընտանիքի ամբողջականությունը և անքննարկելի կարևորությունը ժողովրդի կյանքում՝ դիտելով որպես հոգևոր և բարոյական արժեքների պահպանման հիմնասյուն, հանրային առողջ կենսակերպի ձևավորման և զարգացման համար անփոխարինելի հաստատություն:

Անդրադառնալով գիտաժողովի նպատակներին՝ նա նշեց, որ անհրաժեշտ է բոլոր հարթակներում նմանատիպ համաժողովներով եկեղեցական քարոզչությամբ, մեծ և փոքր քննարկումներով, ընտանիքի աջակցության ծրագրերով, պետական, օրենսդրական նախաձեռնություններով նպաստել ընտանիքի առողջությանը:

Գիտաժողովը կազմակերպել է Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակը, մասնակցում են եկեղեցականներ, գիտնականներ, պետական համապատասխան ոլորտների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայեցակարգային դրասենյակի ղեկավար Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը համաժողովը բացելիս շնորհակալություն հայտնեց աջակիցներին, ապա մեջբերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը. «Երբ ընտանիքն անկում է ապրում, եկեղեցին նույնպես թուլանում է»:

Նույն շարքից