Մարդիկ, ովքեր պատճառաբանում են, որ Հայ առաքելական եկեղեցու տաղավար 5 տոներին հաջորդող 5 երկուշաբթիներն անիմաստ է ոչ աշխատանքային հայտարարելը, խորապես սխալվումեն: Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար, տեր Պարթև քահանա Մուրադյանը:
«Մանավանդ մեր օրերում, երբ մարդիկ բազմաթիվ հոգսեր ունեն և անընդհատ զբաղված են, ոչ աշխատանքային հայտարարված այդ մի քանի երկուշաբթիները որպես ննջեցյալների հիշատակության օր՝ մեռելոց, նշելը նույնիսկ անհրաժշետություն է: Եթե մարդը տարվա 360 օրը նվիրաբերում է իրեն և իր հոգսերին, ինչո՞ւ պետք է մնացած 5 օրը չկարողանա տրամադրել իր ննջեցյալ հարազատների հիշատակությանը»,- ասաց Պարթև քահանա Մուրադյանը ՝ հավելելով, որ մեռելոցների «առատությունից» բողոքողներն այնքան էլ մեծ թիվ չեն կազմում:
Մեզ հետ զրույցում գրեթե նույն տեսակետը հայտնեցին նաև առավոտյան պատարագի եկած հավատավորները: Ռուսաստանաբնակ Կարենն, օրինակ, հիշեց, որ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները ոչ աշխատանքային հայտարարելու նախաձեռնությունը պատկանում է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: «Այսպես ճիշտ է, և նման նախաձեռնությունները նպաստում են, որ մարդիկ առավել մոտենան Աստծուն»,- ասաց նա:
Իր փոքրիկ տղայի հետ էլ եկեղեցի եկած Արամը նկատեց, որ ննջեցյալների հիշատակության օրերը չափազանց կարևոր են ավանդապաշտ ժողովրդի համար: «Սա եկեղեցական ծիսակարգ է, որը պետք է պարտադիր պահպանվի: Կարծում եմ՝ նույնիսկ պետք է, որ ոչ աշխատանքային հայտարարված այս օրերի փոխարեն մարդիկ հետո չաշխատեն»,- նշեց նա:
Իսկ 60-ամյա Կարինեն համոզմունք հայտնեց, որ հավատացյալ ժողովրդի աղոթքները շատ անհրաժեշտ են ննջեցյալներին: Իսկ եկեցեցի գալն ու առ Աստված աղոթք ուղղելը մաքրագործում է մարդուն: